Փետրվար 25, 2020 16:55 Asia/Tehran
  • Կիպրոսի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն փետրվարի 25-ին ընդունեց Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Անդրեաս Զինոնոսին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Շնորհավորելով դեսպան Զինոնոսին նշանակման կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը գերազանց գնահատեց հայ-կիպրական միջպետական հարաբերությունները՝ հիմնված երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության և պատմամշակութային սերտ առնչությունների վրա։ Հաջողություն մաղթելով դեսպանին իր առաքելության մեջ՝ ԱԳ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Զինոնոսը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Կիպրոսի միջև օրինակելի համագործակցությունն առավել ընդլայնելու և առաջ մղելու համար:

Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ քաղաքական երկխոսությանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի, ինչպես նաև քննարկեցին զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Կողմերն առանձնակի անդրադարձան Երևանում կայանալիք Հայաստան-Հունաստան-Կիպրոս առաջին եռակողմ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ ընդգծելով Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև եռակողմ ձևաչափով համագործակցության կարևորությունը ոչ միայն երեք երկրների համագործակցության, այլ նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը տեսանկյունից։

Երկուստեք կարևորվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը նոր հեռանկարներ է բացում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման համար:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային, եվրոպական և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կողմերը ներկայացրին իրենց երկրների համար արտաքին քաղաքական գերակայություն հանդիսացող հարցերի վերաբերյալ վերջին զարգացումները:

https://armenpress.am/arm/news/1006214.html

Պիտակ

Մեկնաբանություններ