Մարտ 26, 2020 20:35 Asia/Tehran
  • «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 72-ամյա պացիենտ է մահացել

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 72-ամյա պացիենտի մահվան դեպք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը»,- գրել է Նիկողոսյանը:

Խոսնակը հավելել է, որ պացիենտը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Նա ՀՀ քաղաքացի է։ 

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Հայաստանում մարտի 25-ին ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի:

 Armenpress.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ