Մարտ 28, 2020 19:38 Asia/Tehran
  • Ռուսական 102-րդ ռազմաբազան՝ «խիստ գաղտնապահ». կորոնավիրուսի հնարավոր դեպքերի մասին՝ գործընկեր Հայաստանին ոչ մի տեղեկություն

Ռուսաստանում և Հայաստանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ քաղաքագետ, Գլոբալիզացիայի տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը հարց է բարձրացնում՝ արդյոք ՀՀ Կառավարությունը տեղեկություններ ունի՞ Գյումրու ռուսական ռազմաբազայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին:

Արդյոք կա՞ կորոնավիրուսով վարակված, և արդյոք բժիշկները ունե՞ն հասանելիություն ռազմաբազային:

Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայից որևէ տեղեկություն ստանալը մեծ դժվարություն է։ Նույնիսկ ՀՀ իշխանություններն ու կառավարությունն են այս հարցում խնդիրներ ունենում, իսկ հայկական ԶԼՄ-ները առավել ևս ապարդյուն ջանքեր են գործադրում։ Նախքան Գյումրիում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը՝ Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը, ժամանակ առ ժամանակ տեղեկություններ հնարավոր էր լինում ստանալ։ Իսկ դրանից հետո որևէ ինֆորմացիա ստանալը խիստ անհնար է թվում։ 102-րդ ռուսական ռազմաբազայի լրատվական ծառայության ղեկավար Վադիմ Վալենտինովիչը ողջ օրվա ընթացքում այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ ռուսական ռազմաբազայի «գաղտնապահության» խնդիրն ի հայտ է եկել նույնիսկ մինչև Ավետիսյանների ընտանիքի սպանությունը։ Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ Պերմյակովի փախուստի մասին հայտնի դարձավ 2015 թվականի հունվարի լույս 12-ի գիշերը՝ ժամը 3.00-ին. «Թեև պայմանագրով պետք է անմիջապես հայտնեին, սակայն մեզ հայտնել են ժամը 10.5 րոպեին՝ 7 ժամ հետո»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ քանի որ խնդիրն ընդհանուր է, գործընկերային կլիներ, եթե ռուսական կազմն ինֆորմացիայով կիսվեր. «Ու եթե կարիք լիներ՝ հայկական կողմն էլ աջակցություն ցուցաբերեր հիվանդ զինծառայողների բուժման առումով, եթե կան այդպիսիք։ Դա կլիներ ամենաողջամիտ, տրամաբանական լուծումը՝ թե՛ Հայաստանի ու թե՛ Ռուսաստանի համար»։

Շարունակելով՝ Իոնիսյանը նշեց. «Դա նորմալ չէ, եթե ռազմակայանի տրամաբանությունը իսկապես գործընկերային է՝ նման պատկեր չպետք է ունենանք։ Առավել ևս կորոնավիրուսն այնպիսի բան է, որ բոլորս ֆրոնտի գծի այն կողմում ենք՝ մենք, ռուսները, բոլորը… և բնականաբար ինֆորմացիայի առավելագույն փոխանցումը բառացիորեն բոլորի շահերից կբխի։ Իհարկե խնդրահարույց է, որ ինֆորմացիայի փոխանակում չկա»։

Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ով մեզ հետ զրույցում մշտապես բարձրաձայնել է ռուսական 102-րդ ռազմաբազայում առկա խնդիրները, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ արտակարգ դրության պայմաններում գուցե կարելի է հասկանալ, թե ինչու բազան չի համագործակցում հայկական լրատվամիջոցների հետ։ Այդուհանդերձ, ըստ մեր զրուցակցի, կա խնդիր. «Այս պահի դրությամբ գուցե ինչ-որ տեղ հասկանանք, բայց անհասկանալի է՝ ինչու ՀՀ իշխանությունները չեն տրամադրում ինֆորմացիա։ Ըստ իս՝ կոնկրետ առողջապահության նախարարը պետք է կոնկրետ փաստերով իմանա՝ արդյոք 102-րդ ռազմաբազայի զինվորականների մեջ կա՞ն կորոնավիրուսով վարակվածներ, թե՞ ոչ։ Այս պահի դրությամբ մի փոքր սահմանափակված է տեղեկատվության տրամադրումը, բայց զարմանալի է՝ ինչու իշխանությունները չունեն կամ չեն պահանջել նման տեղեկատվություն»։

Ըստ Համբարյանի՝ այն վատ ավանդույթները, որ կային նախկին իշխանությունների օրոք, պահպանվում են նաև այսօր. «Նախկինում էլ այն, ինչ կար 102-րդ ռազմաբազայում, հույժ գաղտնի էր, այդ «ավանդույթը» պահպանվում է նաև այսօր, ինչն, իմ կարծիքով, անընդունելի է»։

1in.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ