Մարտ 29, 2020 18:14 Asia/Tehran
  • Երվանդ Բոզոյան. «Եթե չլրջանանք, կորոնավիրուսից տուժելու պահով կարող ենք դառնալ տարածաշրջանային «Իտալիա»»

Հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ։ Թեման՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածման վտանգները և խնդրի հաղթահարման ուղիները։

-Պարոն Բոզոյան, արդեն մի քանի օր է, ինչ հանրապետությունում գործում է արտակարգ դրության ռեժիմը: Ի՞նչ եք կարծում, արդարացվա՞ծ են  արդյոք այս խստությունները, թե՞ ոչ: Կարծիք կա, որ այս ամենը աշխարհի մակարդակով թատերական ներկայացում է: Մյուսներն էլ կարծում են, թե աշխարհով մեկ կազմակերպվելիք միջոցառումները չափազանցություն են: Ի՞նչ կասեք այս ամենի մասին։

-Կարծում եմ, որ գոնե այսօր բոլորն էլ սկսում են հասկանալ, որ իրավիճակը բավականին լուրջ է: Եթե այս վիրուսի տարածման երկու ամսվա ընթացքում աշխարհում վարակվածների թիվը 100 հազար էր, ապա այս թիվը կրկնապատկվեց հետագա ընդամենը երկու շաբաթների ընթացքում: Իսկ այսօր 100 հազարով վիրուսակիրների քանակն ավելանում է ընդամենը երկու օրերի ընթացքում: Հենց այդ պատճառով է, որ ԱՀԿ-ն մտահոգված է այս իրավիճակով և բոլոր երկրներին հորդորում է դիմել խիստ միջոցների:

-Այդ դեպքում ինչո՞ւ հարևան Վրաստանում արտակարգ դրությունն ավելի մեղմ է գործում, քան մեր մոտ:

-Որովհետև այնտեղ վարակվածների թիվը մեզնից չորս անգամ ավելի պակաս է:

-Իսկ ինչո՞ւ այդպես ստացվեց: Մանավանդ, որ այդ երկիրը միշտ ավելի բաց է եղել աշխարի հետ, քան Հայաստանը:

-Անցյած տարվա ցուցանիշներով Վրաստան այցելած զբոսաշրջիկների քանակը մեզնից ուղիղ չորս անգամ ավելի շատ է եղել: Բայց արի ու տես, որ վիրուսակիրների մասով մենք ենք նրանցից առաջ, այն էլ՝ նույն չորս անգամ: Իսկ պատճառը, կարծեմ, արդեն բոլորի համար է հայտնի:

Դեռ այս տարվա փետրվարի վերջին, երբ Վրաստանը խստացրեց վերահսկողությունն իր սահմաններում, Հայաստանում հանրաքվեի քարոզ էր սկսվել: Իսկ ՀՀ առողջապահության նախարարն էլ բոլորին համոզում էր, որ այդ վիրուսը այդքան էլ մեծ վտանգ չի ներկայացնում և դպրոցներն էլ չպետք է փակվեն: Հենց այս ամենի արդյունքում էլ մենք տուրիզմի քանակով  չորս անգամ զիջող Վրաստանից վիրուսի տարածման հարցով նույն չորս անգամ առաջ ենք: Դրա համար էլ այսօր մենք ստիպված ենք դիմել ավելի խիստ պայմանների, քան վրացիները:

-Պարոն Բոզոյան, բայց  տունը մնալու այս գաղափարն ինչքանո՞վ կարող է երկար տևել: Չէ՞ որ այս ամենի արդյունքում կարող է նաև մեր ողջ տնտեսությունը կանգ առնել։

-Շատ լավ հարց եք տալիս: Իրոք որ այս խստությունները կարող են կազմալուծել ոչ միայն մեր, այլև համաշխարհային ողջ տնտեսությունը: Ավելին, փորձագետների կարծիքով մարդկանց տներում կարելի է պահել մեկ-երկու ամիս և ոչ ավելի: Քանզի, ավելիի պարագայում կարող է անդառնալի փլուզումներ լինեն տնտեսություններում:

Մեր պարագայում մեկ-երկու ամիս անց մարդիկ կարող են հայտնվել աներևակայելի սոցիալական և տնտեսական դժվարին պայմաններում: Խոսքը վերաբերում է ոչ միայն հասարակ մարդկանց, այլև բիզներներին և վերջում նաև պետական կառույցներին:

-Այդ դեպքում ո՞րն է ելքը: Այս համազգային կարանտի՞նը։

-Գրեթե բոլոր փորձագետների կարծիքով համազգային կարանտինը չի լուծում խնդիրը: Այն կարող է թուլացնել վիրուսի տարածումը, բայց էապես չի կարող լուծել խնդիրը:

-Ի՞նչ է պետք այդ դեպքում անել։ Օրինակ, ԱՄՆ նախագահն առաջարկում է վերսկսել աշխատանքները, քանզի միևնույն է վիրուսը հնարավոր չի լինի կանխել, իսկ ահա կոշտ միջոցառումների արդյունքում կարող է կազմալուծվել ողջ համաշխարհային տնտեսությունը:

-Ես հասկանում եմ Թրամփի տրամաբանությունը, սակայն, եթե գնանք այդ ճանապարհով, ապա աշխարհի բնակչության 70 տոկոսը պիտի վարակվի, որպեսզի  մարդիկ կարողանան ձեռք բերել բնական իմունիտետ:

Վերցնենք, օրինակ, մեզ: Հայաստանում այսօր ապրում է մոտ 3 մլն մարդ: Նրա 70 տոկոսը կլինի 2 մլն-ը: Ըստ փորձագետների, հիվանդների մոտ 15 տոկոսը կունենա թոքերի մաքրման խնդիր: Այսինքն մոտ 300.000 մարդ կհայտնվի վտանգի տակ, քանզի հաստատ 300.000 հատ թոքերի մաքրման ապարատ մենք երբեք չենք ունենա: Այսինքն, օրինակ, փոքրիկ Հայաստանում 300.000 մարդ կարող է կանգնել մահվան դռան առջև: Մենք պատրա՞ստ ենք այս տարբերակով գնալուն: Կարծում եմ, որ ոչ: Ավելին, աշխարհի ոչ մի երկիր չի ցանկանա ընթանալ այս ուղիով:

-Հնչում են առաջարկներ, որ պետք է թեստավորել ողջ բնակչությանը: Մեկ ուրիշն առաջարկում է հրապարակել վիրուսակիրների անունները, որպեսզի նրանց հետ շփվողները կարողանան դիմել բժիշկներին ստուգման համար: Ի՞նչ կասեք այս մասին։

-Բոլորին հնարավոր չէ թեստավորել։ Դա ուտոպիա է։ Ինչ վերաբերում է անուններ հրապարակելուն, ապա դա կարելի է կիրառել, սակայն այս պահին մենք կարող ենք գնալ ավելի մեղմ ճանապարհով:

-Ի՞նչ նկատի ունեք։

-Այս պահի դրությամբ ամենառացիոնալ առաջարկն արել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը: Նրա առաջարակի էությունը հետևյալն է՝ վարակվածների օջախների ու շղթայի բացահայտում, դրանց թեստավորում և թիրախային կարանտինային ռեժիմ։

Բոլոր նրանք, ովքեր ուզում են վիրուսակիրներին բացահայտել ու նրանց մեկուսացնել, ճիշտ են մտածում։ Ասիական փորձը ցույց է տալիս, որ 1 մլն բնակչության պարագայում, երբ վիրուսակիրների թիվը չի անցնում դրա 0,001 տոկոսը, պետք է թեստավորվի 5200 մարդ։ Եթե դա արվի, ապա վիրուսի ագրեսիվ տարածումը հնարավոր է կանխել:

Հենց այդ ուղիով գնացին Հոնկոնգում, Թայվանում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում և վերջապես Չինաստանում: Ավելին, Չինաստանում մտցրեցին և՛ լայնածավալ թեստավորում, և՛ Հուբեյ մարզի տոտալ կարանտին: Արդյունքը մեր բոլորի աչքի առաջ է:

Քանի այս վարակը չի տարածվել դեռ լայնորեն չի տարածվել Հայաստանում, պետք է դրսի փորձից օգտվել։ Թևանյանի առաջարկի կատարման դեպքում հնարավոր կլինի էապես կանխել վարակի տարածումը և թույլ տալ նաև տնտեսությանը շնչել՝ չկանգնելով ճակատագրական ու անլուծելի երկընտրանքի առջև: Եթե այդ առաջարկների մոդելով գնանք, ապա մենք միանգամից կստանանք վարակվածների իրական պատկերը։ Դրանից հետո վարակի տարածումը էապես կնվազի: Հակառակ պարագայում մեկ ամիս անց ստիպված կլինենք կիրառել ավելի կոշտ տարբերակ, որն առաջարկում է Հրանտ Բագրատյանը։ Այն այդքան էլ հաճելի չէ, սակայն որոշ ժամանակ անց կլինի միակը: Իսկ եթե այդ ժամանակ էլ չգնանք կոշտ քայլերի, կդառնանք տարածաշրջանային «Իտալիա», որից հետո թող ոչ ոք չասի, թե մենք մեղավոր չենք, ողջ աշխարհն է այդ վիճակում:

Ո՛չ, այդպես չէ, ամեն երկրում վիճակը տարբեր է, և դա պայմանավորված է այդ երկրների իշխանությունների քայլերով:

-Պարոն Բոզոյան, վարչապետը նշեց նաև, որ կորոնավիրուսը փոխելու է ողջ աշխարհակարգը, տնտեսական հարաբերությունները: Եվ մենք կարող ենք օգտվել այս իրավիճակից, հինգ տարիների ընթացքում նվաճել համաշխարհային ապագա համակարգում մոտ 30 միլիարդանոց շուկայի տեղ: Ի՞նչ կասեք այդ մասին, դա իրատեսակա՞ն է, թե՞ հեքիաթ է:

-Վարչապետը ճիշտ է այն մասով, որ վաղվա աշխարհն ուրիշ է լինելու: Այո՛, կարող են բացվել նաև մեզ համար մեծ հնարավորություններ: Սակայն դրա համար ճիշտ և ադեկվատ քայլեր են անհրաժեշտ: Օրինակ, ապագա շուկայում մյուս երկրներն էլ են ուզում իրենց տեղը ունենալ: Եվ այդ իսկ պատճառով էլ, օրինակ, այս ճգնաժամի հաղթահարման համար պատրաստվում են ծախսել մեծ թվեր: Օրինակ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ ներդնելու է իր ՀՆԱ-ի մոտ 25 տոկոսի չափ գումար: Գերմանիան՝ մոտ 30 տոկոսի չափ: Ռուսաստանը՝ մոտ 10 տոկոսի չափ:

Փաշինյանը հայտարարում է մոտ 350 մլն դոլարի մասին, որը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 2,5 տոկոսը: Դո՛ւք հետևություն արեք՝ մենք կարո՞ղ ենք այս 350 միլիոնով նվաճել 30 միլիարդանոց շուկան, թե՞ ոչ:

Ավելին,  կարող եմ ասել՝ արդեն երևում է, որ այս գալիք նոր աշխարհակարգում իրենց տեղը ամրացնելու են Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը և այն երկրները, որոնք կարողացել են պայքարելով վիրուսի դեմ՝ չկանգնեցնել նաև իրենց տնտեսությունները: Իսկ մենք նույնիսկ հարևան Վրաստանի համեմատ ենք ավելի վատ վիճակում հայտնվել: Այսօր նրանց մոտ ավելի շատ տնտեսական սեգմենտներ են աշխատում, քան մեր մոտ: Նրանք ավելի լավ են պայքարում վիրուսի դեմ, քան մենք: Դրանից էլ հետևություն կարելի է անել՝ կարո՞ղ ենք նոր շուկաներ նվաճել, թե՞ ոչ:

-Կարելի՞ է ասել, որ եթե մենք էլ գնանք պայքարի այն ուղիով, որ գնացին, օրինակ, հարավկորեացիները և որի մասին մատնանշել էր Թևանյանը, մենք միաժամանակ և՛ վիրուսի դեմ կկարողանանք պայքարել, և՛ տնտեսությունը կաշխատեցնենք:

-Միանշանակ այդպես է: Մենք միշտ պետք է հիշենք, որ համընդհանուր կարանտինի մեջ լինելը ճիշտ  որոշում է, բայց դա խնդրի լուծում չէ: Մարդկանց տանը կարելի է պահել մեկ-երկու ամիս և ոչ ավելի: Գլխավորը՝ այդ կարանտինի միջոցով կանխելով վիրուսի արագ զարգացումը, պետք է թեստավորման լուրջ գործընթաց սկսել, որպեսզի դրանից հետո կարողանանք երկու ամիս անց երկրի տնտեսությունը հանել կարանտինից և որպեսզի խուսափենք տնտեսական ու սոցիալական կոլապսից:

-Կարո՞ղ եք երաշխավորել, որ այդ ճանապարհով գնալով՝ հնարավոր կլինի ընդանրապես հաղթահարել վիրուսի հետևանքները: 

-Իհարկե ո՛չ: Վիրուսի վերջնական հաղթահարումը կլինի միմիայն դրա դեմ վակցինան ստանալուց հետո, որը ըստ փորձագետների գնահատականի՝ կլինի ոչ շուտ, քան մեկ տարի անց:

Բոլոր այս քայլերը, որ ես ներկայացրեցի անհրաժեշտ են, որպեսզի մենք այս մեկ տարվա ընթացքում կարողանանք հնարավորինս քիչ վարակվել և, միաժամանակ, գոնե մասնակի տնտեսությունն աշխատեցնել, որ խուսափենք ամբողջական տնտեսական և սոցիալական կոլապսից:

Որ երկիրը կարողանա շուտ գիտակցել դա, նա էլ մեկ տարի անց, երբ վիրուսի հաղթարշավը կավարտվի, կկարողանա ոչ միայն վերականգնվել, այլև նվաճել վերը նշված համաշխարհային շուկայի իր մասը: Եթե մենք ճիշտ քայլերով գնանք, ապա նույնպես ոչ միայն կկարողանանք խուսափել սոցիալական կոլապսից, այլև ապագայում կհաջողացնենք նվաճել համաշխարհային տնտեսության 30, 40, և գուցե 50 միլիարդանոց մասը:

Այսպես են երկիրը դուրս բերում ճգնաժամից և հետո նվաճում նոր ձեռքբերումներ:

https://yerevan.today/all/politics/51604/ervand-bozoyan

Պիտակ

Մեկնաբանություններ