Ապրիլ 06, 2020 20:40 Asia/Tehran
  • ՀՀ-ն պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. վարչապետի անդրադարձը տնտեսության զարգացմանը

Ճգնաժամը հաղթահարելու ՀՀ կառավարության տեսլականը կապված է կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հետ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի այն հարցին, թե կառավարությունն ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել արտակարգ դրությունից հետո տնտեսության արագ վերականգնման և ստեղծված նոր իրավիճակում համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի դիրքերի ամրապնդման համար:

ՀՀ վարչապետը նշեց, որ կարճաժամկետ առումով խնդիր է դրվում այս տարի հնարավորինս արագ, մեծ ծավալներով իրականացնել կապիտալ ներդրումներ, քանի որ դրանք ամենաշատ աշխատատեղեր ստեղծող ներդրումներն են: Երկարաժամկետ առումով, ըստ ՀՀ վարչապետի, հիմնական ներդրումը պետք է լինի մարդկային ռեսուրսի, տեխնոլոգիայի, գիտելիքի զարգացման համար:

«Տնտեսության զարգացման մեր ռազմավարական պատկերացումն այն է, որ ՀՀ-ն լինի պատրաստի արտադրանքի երկիր, այլ ոչ թե հումք մատակարարող: Սա նշանակում է նոր աշխատատեղեր, նոր տեխնոլոգիաներ: Այս պարագայում տնտեսական հումքի շրջանառությունը երկար է պտտվում, արդյունքում ունենում ենք ավելացված արժեքի բարձր մակարդակ: Մենք նպատակադրված ենք, որ մշակող արդյունաբերությունը զարգանա: Անցած տարվա տվյալներով կարևոր ցուցանիշ արձնագրեցինք, մենք բարձր տնտեսական աճ ունեցանք և տեսանք, որ մշակող արդյունաբերությունը եղավ առաջատար ճուղերից մեկը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում մետալուրգիական ձեռնարկություններ ստեղծելուն, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի, այս հարցի հետ կապված բնապահպանական բանավեճեր կլինեն:

«Երկու կարևոր սահման պետք է դիտարկենք: Հայաստանում պետք է լինեն բնապահպանական ամենաբարձր չափանիշներ, բայց բնապահպանությունը պետք չէ բացարձակ դարձնել: Այս շենքը, որտեղ ես նստած եմ, բոլոր մյուս շենքերը հակաբնապահպանական տարր են պարունակում: Ես բազմիցս եմ խոսել այս մասին: Քաղաքակրթության ցանկացած դրսևորում հակաբնապահպանական տարր ունի: Այլ բան է, որ քաղաքակրթության ու բնապահպանության մեջ ճիշտ բալանս պետք է գտնենք:  Ժամանակակից աշխարհում բնապահպանությունն ամենաառաջնային խնդիրներից է: Հայաստանի կառավարության համար նույնպես առաջնային է, սակայն բնապահպանությունը չենք հակադրում տնտեսության զարգացմանը, մեր տնտեսությունը պետք է զարգանա ՝ հաշվի առնելով այն բնապահպանական կանոնները, որոնք գոյություն ունեն ժամանակակից աշխարհում»,-հավելեց վարչապետը: 

Armenpress.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ