Ապրիլ 08, 2020 20:42 Asia/Tehran
  • ՌԴ բազմիմաստ պատվիրակությունը՝ Հայաստանում, օդանավերը՝ Բաքվո՞ւմ. կամ-կամ

Հայաստան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարարության մասնագետների խումբը, որը իր հետ բերել է շարժական լաբորատորիա կորոնավիրուսի արագ թեստավորման հնարավորությամբ:

Համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ լաբորատորիայի հնարավորությունից օգտվելու են Հայաստանի զինված ուժերն ու ռուսական 102-րդ ռազմակայանը:

Անկասկած, ռուսական օժանդակությունը բավական կարևոր ռեսուրս է Հայաստանի զինված ուժերի համար՝ կորոնավիրուսի բանակ ներթափանցումը կանխելու համար: Հայաստանին մինչ այժմ հաջողվել է հարցը սկզբունքորեն պահել կառավարելի վիճակում, ու թեև բանակում առկա են վարակի դեպքեր, սակայն դրանք լոկալացված են և արձանագրվել են ոչ մարտական գործառույթներով զորամասերում: Հաջողվել է նաև կանխել ներթափանցումը Արցախի պաշտպանական բանակ՝ հայկական զինուժի փաստացի առաջապահ շրջանակ:

Այդուհանդերձ, խնդիրը պետք է դիտարկել նաև առավել երկարաժամկետ համատեքստում, այդ թվում՝ քաղաքացիական կյանքում կարանտինի չեղարկման կամ թուլացման ռեժիմում: Իսկ դա նշանակում է, որ քաղաքացիական կյանքում կարանտինի ռեժիմի թուլացումը կարող է ավելացնել ռիսկերը զինված ուժերի համար: Ըստ այդմ, ռուսաստանյան մասնագետների օժանդակությունն ու տեխնիկական հնարավորությունը կարող են լավ համալրում լինել ռիսկերի կառավարման տեսանկյունից:

Դրան զուգահեռ՝ անշուշտ կասկածից վեր է, որ կորոնավիրուսի համաշխարհային պայքարն՝ ընդհանրապես, կարևոր աշխարհաքաղաքական կետերում՝ մասնավորապես, անցնում է այլևս նոր աշխարհի քարտեզագրման տրամաբանությամբ: Այդ իմաստով Ռուսաստանի ռազմական փորձագետների Հայաստան ժամանումն ու կենսալաբորատորիայի ներգրավումը անկասկած Ռուսաստանի նաև աշխարհաքաղաքական ազդակ են, որ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ռազմաքաղաքական պատասխանատվության կամ ազդեցության գոտի:

Այստեղ հատկանշական է, որ աջակցության առանցքային հանգամանքը դիրքավորվում է հենց զինված ուժերի՝ անվտանգության տիրույթում: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ դրանով հանդերձ՝ զուգահեռ Ռուսաստանից ստացվում է տեղեկություն ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական նոր գործարքի շուրջ՝ կապված Ադրբեջանին Սու 35 և ՄԻԳ 35 ռազմական նոր սերնդի օդանավերի հնարավոր վաճառքի հետ: Ու թեև խոսվում է դեռևս քննարկումների կամ բանակցության մասին, այդուհանդերձ հայերի տառապանքն այդ առումով փորձ ունի, և ըստ այդմ՝ պետք է զգույշ լինել, որ մի տեղ մեր գլխի տակ դնելով փափուկ և օգտակար բարձ՝ Ռուսաստանն իր համար չապահովի մեկ այլ տեղում թիկունքից կամ պարզապես հենց դիմահար հարվածի «ալիբի»:

Այդ իմաստով շատ կարևոր է, թե ռուսական ազդակը ազդակ է պատասխանատվության գոտո՞ւ, թե՞ ազդեցության գոտու մասին: Որովհետև մի բան է պատասխանատվության գոտի դիտարկելը, ինչը նշանակելու է նաև պատասխանատվություն Հայաստանի ու հայկական անվտանգության հարցերի հանդեպ, և մեկ այլ բան է դիտարկել Հայաստանն ազդեցության գոտի, ինչը նշանակելու է Հայաստանի սուբյեկտության անտեսում և դրա վրա ռեգիոնալ այլ սուբյեկտների հետ ռազմաքաղաքական առևտրի կառուցում:

1in.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ