Ապրիլ 09, 2020 19:17 Asia/Tehran
  • Կեղտոտ արշավ Հայաստանի դեմ «ժանտախտի» պահին

Ռուսաստանի «Մոսկովսկի Կոմսոմոլեց» պարբերականը, չգիտես ինչու, որոշել է անդրադառնալ Հայաստանում ամերիկյան օժանդակությամբ ստեղծված կենսալաբորատորիաներին՝ առիթ ծառայեցնելով փաստը, որ կորոնավիրուսով վարակվել են Հայաստանի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի մի քանի աշխատակից:

Ընդ որում, օրեր առաջ եղած տեղեկությունը ռուսական թերթի ուշադրությանն է արժանանում ուշացումով՝ դառնալով Հայաստանում, այսպես ասած, ամերիկյան լաբորատորիաների թեման գեներացնելու և դրա վրա ինտրիգ կառուցելու առիթ:

Ինչու, այսպես կոչված, ամերիկյան, որովհետև ԱՄՆ ֆինանսական և տեխնոլոգիական օժանդակությամբ կառուցված այդ լաբորատորիաները իրականում լիովին պատկանում են Հայաստանին, դրանցում աշխատում են հայաստանցի մասնագետներ: Այդ մասին ընդհուպ մինչև հայ-ռուսական մակարդակով հայտարարվել է բազմաթիվ անգամ, այդ լաբորատորիաներ ռուսաստանցի մասնագետների մուտքի թույլտվության մասին Երևանը ևս հայտարարել է մի քանի անգամ, որոնք հնարավորություն ունեն մուտք գործել և տեսնել, որ դրանք չեն ներկայացնում որևէ կենսաբանական զենքի լաբորատորիա և ընդամենը զբաղված են Հայաստանի կենսաբանական անվտանգության խնդրով:

Բայց այդ ամենից հետո, թվում է, փակված թեման դարձյալ հայտնվում է ռուսական մամուլում, ընդ որում՝ դրա հեղինակավոր միջոցներից մեկում և բավականին ինտրիգային շեշտադրումներով՝ լաբորատորիաները՝ վարակի աղբյուր: Ավելին, թեման անմիջապես տեղ է գտնում ադրբեջանական պրոպագանդայի հարթակներում:

Այն, որ ամերիկյան լաբորատորիաները, Հայաստանի կենսաբանական անվտանգւթյան կարևոր ռեսուրսը հանգիստ չեն տալիս ռուսական, ադրբեջանական շրջանակներին՝ հասկանալի է: Ընդհանրապես, Հայաստանի անվտանգության որևէ հավելյալ ռեսուրս, որը կապված չէ Ռուսաստանի հետ, ռուսական հարթակներում հռչակվում է, այսպես ասած, «դավադրության աղբյուր», և սկսվում է առնվազն քարոզչական թունավորման գործընթացը՝ իհարկե, խնդիրը հետագայում Երևանի դեմ ծառայեցնելու քաղաքական ակնկալիքով կամ հաշվարկով:

Ընդ որում, խիստ հատկանշական է, որ ամերիկյան լաբորատորիաները ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում են հայտնվում այժմ, երբ Երևանը Մոսկվայի առաջ դրել է գազի գնի նվազեցման հարց և սպասում է պատասխանի: Դա է թերևս պատճառը, որ օրեր առաջ տեղեկությունը, որ վարակված են նաև Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի աշխատակիցները, որի ենթակայությունն են լաբորատորիաները, ռուսական ուշադրության առիթ է դառնում այժմ, երբ կա պատճառը՝ Երևանի դիմումը գազի գնի նվազման առնչությամբ:

Ընդ որում, բանը չի ավարտվում լոկ ուշադրությամբ և հարցադրումներով, այլ իրադրության ակնհայտ նենգափոխմամբ՝ լաբորատորիաները ներկայացնելով իբրև վարակի աղբյուր, այն դեպքում, երբ կենտրոնի աշխատակիցների վարակը ընդամենը հիվանդության հետ շփման արդյունք է, ոչ թե լաբորատորիայում աշխատանքի:

1in.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ