Մայիս 25, 2020 13:07 Asia/Tehran
  • Հայաստանում արձանագրվել է COVID-19-ի ամենամեծ թիվը մեկ օրում՝ 452 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ն` առողջացած:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  51 594 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 452 նոր դեպք և 81 առողջացած։ Փաստորեն, արձանագրվել է մեկ օրում հաստատված դեպքերի ամենամեծ թիվը։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 87 (ավելացել է ևս 6-ով) դեպք: 

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին) և 67 (տղամարդ)  տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արձանագրվել է մահվան ևս 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր դեպքերի թիվը հասել է 39-ի։ 

Այլ պատճառով մահերից մեկը եղել է մայրական մահ։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ ՀՀ առողջապահությունից հայտնում են նաև, որ սա այս տարվա մայրական մահվան առաջին դեպքն է։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Պիտակ

Մեկնաբանություններ