Հունիս 04, 2020 19:45 Asia/Tehran
  • «Մեյմանդար»-ի շուկան այսօր առավոտից բացվել է. Շուկան նորմալ, իր բնականոն հունով աշխատում է. տնօրեն

Արմավիրի մարզի Գայ համայնքում տեղակայված «Մեյմանդար»-ի շուկան այսօր առավոտյան ժամը 10-ից բացվել է։ Շուկան նորմալ, իր բնականոն հունով աշխատում է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց շուկայի տնօրեն Արթուր Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ մեկ օրով դադարեցվել էր Արմավիրի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գործող «Մեյմանդար» շուկայի գործունեությունը՝ տարածքը ախտահանելու և սանիտարական վիճակը վերականգնելու նպատակով:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի տեղեկացմամբ՝ սահմանված ժամկետում նախատեսված միջոցառումների շրջանակում ԱԻՆ Արմավիրի ՄՓՎ-ն երեկ վարակազերծման համալիր գործընթաց է իրականացրել շուկայի ողջ տարածքում՝ ախտահանելով 200 տաղավար և 115 խանութի դիմային հատված:

«Շուկան բացվել է, ամեն ինչ նորմալ է, գյուղացիները առավոտից արդեն առևտուր են իրականացնում ախտահանված տաղավարներից։ Բողոքի, դժգոհության որևէ ալիք այլևս չկա։ Ներկա պահին սաղ նորմալ է»,- ասաց շուկայի տնօրենը։

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ առավոտից արդեն առևտրականները ջերմաչափվում են, ախտահանում են ձեռքերը և նոր միայն դրանից հետո մուտք են գործում շուկայի իրենց տաղավարներ։ Դիմակ կրելը ևս պարտադիր պայման է։

Շուկայի տնօրենն ասաց, որ նախօրեի միջադեպը, միջադեպի հետևանքով հարուցված քրեական գործը իրենց աշխատանքի, աշխատողների ներկա տրամադրությունների վրա չեն անդրադարձել։ Եվ ներկայումս հանգիստ աշխատում են։

Հիշեցնենք, որ մեկ օրով շուկան փակելու պարետի որոշումը հարուցել էր առևտրականների զայրույթը, նրանք բողոքի ակցիաներ իրականացրին, անգամ արձանագրվել էր խուլիգանության դեպք, մեքենա էին շրջել շուկայի տարածքում։ Շուկայում տեղի ունեցած խուլիգանության կասկածանքով ձերբակալվել էր երկու անձ։ Մոտ 3 տասնյակ անձինք բերման էին ենթարկվել։

Ըստ Քննչական կոմիտեի՝ 2020թ. հունիսի 2-ին, ժամը 15:20-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի տարածքում գտնվող «Մեյմանդար» կոչվող շուկայի մուտքի դիմաց մի խումբ անձինք շրջել են իր կողմից կայանված, իրեն պատկանող ավտոմեքենան՝ պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս: Նախնական տվյալներով՝ մի խումբ անձինք, անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորյալ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և գլխիվայր շրջել Արմավիրի մարզի բնակչին պատկանող «Վազ» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Արմավիրի մարզի բնակիչը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Արմավիրի, Արարատի մարզերի բնակիչներ են՝ ծնված համապատասխանաբար 1987 և 1980թթ.: Վերջիններս ձերբակալվել են՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ:

1in.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ