Հունիս 11, 2020 19:36 Asia/Tehran
  • Իրան կամ Իսրայել. ի՞նչ պետք է անենք, եթե մեզ կանգնեցնեն ընտրության առջև

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի մայրաքաղաքի ակցիային, որի ժամանակ մի խումբ երիտասարդներ ՀՀ դեսպանատան առջև այրել են Իսրայելի դրոշը` բողոքելով այն փաստի առթիվ, որ Հայաստանը պատրաստվում է Թել–Ավիվում ռեզիդենտ դեսպան նշանակել։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի փոխանցմամբ` Հայաստանի կառավարությունը դեռ նախորդ տարի ընդունել էր որոշում, որի համաձայն` մարտ ամսին արդեն պետք է Թել–Ավիվում բացված լիներ դեպանություն։ Ըստ նրա` չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ մինչ այդ որոշման կայացումը հայկական կողմը պետք է ամբողջությամբ և անկեղծորեն իրանական կողմին ներկայացներ, թե ինչու է անհրաժեշտ դեսպանություն ունենալ Իսրայելում, այսինքն բարեկամ Իրանին պետք է ներկայացվեին հիմնավորումներ` հաշվի առնելով Իրան–Իսրայել լարված հարաբերությունները։ 

«Վստահ եմ` եթե հիմնավոր ներկայացվեր դեսպանության բացման անհրաժեշտությունը, ապա որևէ խնդիր կամ վերապահում չէր լինի իրանական կողմից։ Այդուհանդերձ, Իրանը պետք է որևէ կերպ արձագանքեր Հայաստանի այս որոշմանը, ուստի եղավ պաշտոնական հայտարարություն և տեղի ունեցավ երեկվա ակցիան, բայց որի ընթացքում հակահայկական կոչեր չեն հնչել և, համենայն դեպս, Հայաստանի դրոշը չեն այրել»,– նշում է քաղաքագետը։

Սուրեն Սարգսյանի համոզմամբ` մեր արտաքին քաղաքականության պատասխանատուները պետք է ակտիվ աշխատեն իրանական կողմի հետ` ավելի ընդգրկուն ներկայացնելով հարցի կարևորությունը Հայաստանի համար, որպեսզի նման միջադեպեր չլինեն։ 

Քաղաքագետը չի կարծում, որ մեզ ընտրության առջև կկանգնեցնեն Վաշինգտոնն ու Թեհրանը, ավելին` նման բան չի եղել վերջին երեսուն տարիների ընթացքում, ինչ ձեռք ենք բերել անկախություն, բայց եթե տեսականորեն մեզ կանգնեցնեն նման ընտրության առջև, ապա պետք է առաջնորդվենք պրագմատիկ քաղաքականությամբ, մեր շահերով ու կատարենք ընտրություն ի օգուտ Իրանի: Իրանը Հայաստանի չորս սահմանակից երկրների պարագայում երկու բաց սահմաններից մեկն է, հետևաբար, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։

armeniasputnik.am

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ