Հունիս 11, 2020 20:28 Asia/Tehran
  • Հայաստանի ու Իրանի միջև չեն կարող լինել կնճռոտ հարցեր

Իրանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ իրանցի մի խումբ ուսանողներ երեկ բողոքի ցույց են իրականացրել Թեհրանում ՀՀ դեսպանության դիմաց՝ պահանջելով վերանայել Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի որոշումը:

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում դեսպանություն հիմնելու որոշումը Հայաստանի կառավարությունը կայացրել է 2019 թվականի սեպտեմբերին։ Հայ իրանագետների կարծում են, որ Իրանի բացասական արձագանքն այս հարցում կանխատեսելի էր, բայց նաև  հեռու են  այն մտքից, որ գործ ունենք Հայաստանին կամ-կամի ընտրության  առջև դնելու փաստի հետ։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ Իսրայելում հայկական դեսպանություն բացելու որոշումը Իրանը չէր կարող ընդունել ոգևորությամբ, քանի որ  Մերձավոր Արևելքում նրա հիմնական հակառակորդը Իսրայելն է։ Իրանում հայկական դեսպանատան առաջ ուսանողների բողոքի ակցիան լուրջ մտահոգության առարկայական դրսևորումն էր

«Փառք Աստծո, չեն հնչել հակահայկական կոչեր, չի այրվել Հայաստանի դրոշը։ Կարգախոսները եղել են հակաիսրայելական,  հակաամերիկյան և հակաբրիտանական: Ցուցարարները պահանջել են վերանայել Իսրայելում դեսպանատուն բացելու որոշումը։ Բայց ակնհայտ է, որ իրադարձության լուսաբանումը տեղի է ունեցել Իրանի նաև պետական լրատվամիջոցներում, իսկ դա ցուցիչ է այն բան, որ բողոքի գործողության մասնակիցները արտահայտել են իրանական պետական որոշակի շրջանակների կարծիք»,-ասաց Ոսկանյանը։

«Եթե մեզ պարտադրվի ընտրություն Իրանի կամ ԱՄՆ/Իսրայելի միջև, մենք պետք է ընտրենք Իրանը: Սա կլինի ամենապրագմատիկ և միակ ճիշտ որոշումը: Սակայն քանի նման ընտրության առջև մեզ չեն կանգնեցրել, մենք պետք է բոլորի հետ հարաբերություններ ունենանք ճիշտ այնպես, ինչպես Իրանը ունի սերտ հարաբերություններ Բաքվի հետ և ինչպես Մոսկվան ունի սերտ հարաբերություններ Անկարայի հետ»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ևս հեռու է այն մտքից, որ գործ ունենք Հայաստանին կամ-կամի կոշտ ընտրության  առջև դնելու փաստի հետ։ Ոսկանյանի բնորոշմամբ՝ նման հարաբերություններում ներկապնակը շատ ավելի գունեղ է, քան սևն ու սպիտակը։ Պարզապես պետք է համապատասխան լուրջ աշխատանք տանել։

«Առկա իրավիճակը ցուցիչ է այն բանի, որ այդ աշխատանքը կամ ըստ պատշաճի չի իրականացվել, կամ պակաս արդյունավետությամբ և ինտենսիվությամբ է իրականացվել։ Բացը պետք է արագ և որակյալ կերպով լրացվի։ Խնդիրը պետք է հարթվի, որովհետև Հայաստան–Իրան հարաբերությունները ունեն կենսական նշանակություն։ Ամենակարևորը՝ դրանք ունեն անվտանգային կարևոր բաղադրիչ, որովհետև Իրանը հարևան է թե՛ ՀՀ–ին , թե՛ Արցախի հանրապետությանը»,- նշեց իրանագետը։

Իրանը պետք է հստակ հասկանա՝ ինչու է Հայաստանը գնում այդ քայլին,  հայ հասարակությունն էլ պետք  որոշակի պատկերացում ունենա՝ ինչ է շահում Հայաստանը Իսրայելի հետ հարաբերությունների նոր ձևաչափից, կարծում է Վարդան Ոսկանյանը։  Իրանագետ Ահարոն Վարդանյանի գնահատմամբ ևս Իրանն ունի լուրջ  մտահոգություններ, որոնք  փարատելու անհրաժեշտություն կա․

«Իրանում կարծում են, որ այս ամենը հակաիրանական գործողությունների ազդակ է, և այս գործողություններով Իսրայելը փորձում է շրջափակմանն մեջ վերցնել Իրանը, և Հայաստանի հետ հարաբերությունների խորացումն էլ դիտարկում են այդ համատեքստում։ Հայաստանը փորձում է Իսրայելի հետ հարաբերությունները խորացնել և դա չպետք է խանգարի մեկ այլ կողմի հարաբերություններին։ Այս ամենը պետք է դիվանագիտական լեզվով և ուղիներով  հասցնել Իրանի իսլամական հանրապետությանը»,- ասաց Ահարոն Վարդանյանը։

Նրա գնահատմամբ՝ պետք է թույլ չտալ, որ Հայաստանը հայտնվի Իրան-Իսրայել հակասությունների դաշտում, դա վտանգավոր իրավիճակ է, որից  շատ արագ կարող են օգտվել մեր ոչ բարեկամ հարևան երկրները։

Առհասարակ, նման կնճիռները վայել չեն Հայաստան-Իրան հարաբերություններին, որոնք ոչ միայն բարեկամական են, այլև դաշնակցային, միաձայն պնդում են հայ իրանագետները։  

hy.armradio.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ