Հուլիս 02, 2020 19:43 Asia/Tehran
  • Կառավարության կարևոր որոշում. գազը կլինի՞ հաջորդը

Հայաստանի կառավարությունը հուլիսի 2-ին կայացրել է կարևոր որոշում՝ մաքսատուրքից ազատելով Ղազախստանից ներկրվող նավթամթերքը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դա հայ-ղազախական մեկուկեսամյա բանակցության արդյունք է, որը էական նշանակություն կունենա Հայաստանում նավթամթերքի շուկայի ապամոնոպոլացման գործընթացի համար: Մասնավորապես, խոսքը կարող է վերաբերել բենզինին:                                                                           

Ղազախստանի հետ այդ համաձայնությունն ու այդ երկրից նավթամթերքի ներկրումը կարող են բերել Հայաստանում բենզինի գնի նվազման՝ մրցակցության աճի շնորհիվ: Խոսքը հատկապես ներկրման մրցակցության մասին է: Բանն այն է, որ Հայաստանում կա մի քանի ներկրող և իրացնող ընկերություն, որոնք, սակայն, բենզինը գնում են մեկ ընկերությունից՝ «Ռոսնեֆտ Արմենիայից»: Դա մի քանի տարի առաջ կնքված համաձայնագրի հետևանք է, որով «Ռոսնեֆտը» բենզինի շուկայում ստացավ մոտավորապես այն իրավունքը, ինչ «Գազպրոմն» ունի գազի շուկայում: Իհարկե, այստեղ նույնականացումը բացարձակ չէ, սակայն «Ռոսնեֆտը» ստացավ իր դուստր ընկերության միջոցով Հայաստանին բենզին մատակարարելու ըստ էության մոնոպոլ հնարավորություն: Եվ այստեղ Ղազախստանից ներկրման հնարավորությունը թերևս նվեր է Հայաստանի բենզինի շուկայի խաղացողների համար, որոնք ստանում են ներկրման այլընտրանքային աղբյուր: Դա էլ իր հերթին ենթադրաբար պետք է բերի գնի նվազման, ինչը տնտեսության համար հույժ կարևոր է կորոնավիրուսային համավարակի ֆոնին տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Սակայն այստեղ բանն իհարկե լոկ տնտեսական էֆեկտը չէ, այլ նաև քաղաքական՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը փաստորեն նոր համաձայնության իրագործմամբ նկատելիորեն կթուլացնի միագիծ կախվածությունը Ռուսաստանից: Իհարկե, դա ընդամենը թելերից մեկն է, սակայն թեկուզ այդ մեկի դեպքում իրական այլընտրանքի ձևավորումը մի կողմից՝ կփոխի հայ-ռուսական հարաբերության տրամաբանությունը՝ գոնե այդ հարցում բերելով ավելի առողջ հարթություն, մյուս կողմից՝ կարող է լինել օրինակ այլ նախաձեռնությունների համար: Մասնավորապես, նպատակակետում պետք է լինի նաև գազը, դարձյալ՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական անհրաժեշտություններից ելնելով, հաշվի առնելով, թե գազի գնի նվազեցման հայկական ակնկալիքին ինչպիսի քաղաքական պահանջներով է հակադարձում Ռուսաստանը:

Ղազախստանն ունի նաև գազ, որն իհարկե համաշխարհային պաշարների հարաբերակցությամբ մեծ չէ՝ այդ պաշարների 0,8 տոկոսը և արդյունահանվող գազի 0,6 տոկոսը, սակայն դա քիչ էլ չէ: Ղազախստանն իհարկե ծրագրում է ավելացնել մատակարարումները Չինաստան:

Կկարողանա՞ Հայաստանը սկսել քննարկում նաև ղազախական գազի ներկրման շահեկան տարբերակի առումով: Այստեղ անշուշտ հասկանալի է կոմունիկացիոն բարդությունը՝ կապված հեռավորության հետ: Սակայն հնարավոր է քննարկումներ ծավալել ներգրավելով նաև թուրքմենական կողմին և նաև Իրանին: Համենայնդեպս անկասկած է, որ գազի այլընտրանքի որոնման հարցը Հայաստանի համար արդիական հարց է, և այստեղ ճեղքումը ունի անգամ ռազմաքաղաքական նշանակություն՝ երկրի անվտանգության հեռանկարի տեսանկյունից:

1in.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ