Հուլիս 04, 2020 21:16 Asia/Tehran
  • Մինսկի խումբը մտահոգված է, պատերազմի ռիսկերը մեծանում են. ինչպե՞ս կարելի է պատրաստվել խաղաղության, եթե չկա կոնկրետ ծրագիր, կոնցեպցիա

Մինսկի խումբը մտահոգված է, պատերազմի ռիսկերը մեծանում են:

«Հասկանալի չէ, թե ինչպե՞ս կարելի է ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, եթե չկա գլոբալ պայմանավորվածություն: Օրինակ, մեր ժողովրդին ինչի՞ն պետք է պատրաստել: Եթե դուք ինձ ասում եք, որ մենք պետք է պատրաստվենք խաղաղության, ես ասում եմ՝ մենք ո՞ր հարցն ենք լուծել, որ հիմա պատրաստվում ենք խաղաղության: Խաղաղության պատրաստվում են այն ժամանակ, երբ կա կոնցեպցիա, կա կոնկրետ ծրագիր, նախանշված են կոնկրետ քայլեր և ամենակարևորը՝ կողմերի համաձայնությունը, որ շարժվելու ենք այս ծրագրով, այս ճանապարհային քարտեզով, հասնելու ենք դրան, և միայն դրանից հետո կարելի է նախապատրաստել խաղաղության»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամփոփիչ հայտարարություն են տարածել ս. թ. հունիսի 29-30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ունեցած առանձին և համատեղ տեսակոնֆերանսի վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հեռավար քննարկումների ընթացքում ընդգծել են խաղաղությանն ու առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի խթանման և ամրապնդման կարևորությունը՝ դրական գնահատելով հարաբերական կայունությունը հակամարտության գոտում, և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են օգտագործել գոյություն ունեցող ուղիղ կապի միջոցները՝ սրացումներից խուսափելու համար: Միաժամանակ, սակայն, վկայակոչելով 2019 թ. մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ համանախագահները մտահոգությամբ նշել են, որ վերջին շրջանի սադրիչ հայտարարությունները, գրգռող հռետորաբանությունը և իրավիճակի փոփոխմանն ուղղված հնարավոր քայլերը կարող են խաթարել կարգավորման գործընթացը:

Այս համատեքստում Մինսկի խմբի համանախագահները ընդգծել են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Նրանք կոչ են արել կողմերին հավելյալ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման և բնակչություններին խաղաղության նախապատրաստելու համար:

Համանախագահներն ու երկու արտգործնախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել հուլիսին ևս մի համատեղ տեսակոնֆերանս անցկացնելու, ինչպես նաև անձամբ որքան հնարավոր է՝ շուտ հանդիպելու մասին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Վիգեն Հակոբյանը:

– Պարոն Հակոբյան, համանախագահներն անհանգստացած են, որ վերջին շրջանում «սադրիչ հայտարարություններ» են արվում, որոնք կարող են խաթարել խաղաղության գործընթացը, և ընդգծում են, որ ղարաբաղյան հիմնախնդիրը չունի ռազմական լուծում: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է նրանց այդ մտահոգության պատճառը:

– Դե, գիտեք, ընդհանուր առմամբ ես կարծում եմ՝ իրենց մտահոգության պատճառն այն է, որ եղել են հայտարարություններ, ընդ որում՝ մեղմ ասած ռազմատենչ հայտարարություններ, մասնավորապես, Ադրբեջանի կողմից: Նույն Ալիևը, Հասանովը պարբերաբար հանդես են գալիս նման հռետորաբանությամբ: Եվ ես կարծում եմ՝ համանախագահներին մտահոգում է ոչ միայն այն, որ այդ հայտարարությունները հնչում են բուն Արցախի խնդրի շուրջ, և դրանից բխող հայտարարություններ, որոնք իրենց մեջ տարածքային պահանջներ են պարունակում, այլ իրենց սկսում է մտահոգել նաև մթնոլորտը, որը տիրում է երկու երկրների հարաբերությունների շուրջ: Մասնավորապես, նույն Ալիևը, ինչպես հիշում եք, վերջերս հայտարարություններ է արել, որոնք, ըստ էության, վերաբերում էին Հայաստանի ներքին քաղաքական իրադարձություններին, և տրված գնահատականները, որոնք վերաբերում էին թե՛ նախորդ վարչախմբին, թե՛ ներկայիս վարչախմբին, դրանք, իհարկե, բավականին բացասական ֆոն են ստեղծում հնարավոր բանակցային գործընթացի շուրջ: Ես կարծում եմ՝ իրենց դա է մտահոգում: Հասկանալի է, որ ամեն դեպքում լինելով միջնորդ կառույց՝ Մինսկի խմբին երևի թե մտահոգում են նաև որոշ հայտարարություններ, որոնք ի պատասխան են հնչում:

– Օրինակ, Ալիևի այն խոսքերը, երբ ասաց, թե իբր 1918 թվականին Երևանը Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության որոշումով է «փոխանցվել» Հայաստանին:

– Այո՛, հենց դա եմ ասում, որ թե՛ Արցախյան հիմնախնդրի կարգավորման բուն գործընթացի շուրջ են գնահատականներ տրվում և թե՛ դրա հետ կապված ինչ-որ հայտարարություններ՝ տարածքային պահանջներով: Երբ ասում էի «տարածքային պահանջներ»՝ հենց դա նկատի ունեի, որ հնչում են տարածքային նկրտումներ Երևանի շուրջ, ընդհանրապես Հայաստանի որոշ տարածքների շուրջ՝ պատմական խեղաթյուրումներով, և այլն, և այլն: Եվ բնական է, որ հայկական կողմից էլ պետք է հնչեին ինչ-որ բաներ: Իմ կարծիքով՝ հայկական կողմից հնչեցված հայտարարությունները ավելի զուսպ էին, ինչը նույնիսկ Հայաստանում որոշակի խնդիրներ է ստեղծում իշխանության համար, քանի որ համարում են, որ պատասխանները մի քիչ ավելի փափուկ են: Կարծում եմ՝ Մինսկի խմբի մտահոգությունները դրա հետ են կապված, որ առնվազն մի կողմից հնչում են բավական ռազմատենչ, բազմապրոֆիլ, ներքին քաղաքականությանը վերաբերող հայտարարություններ:

Իսկ Մինսկի խումբը, ինչպես գիտեք, իր առջև խնդիր է դնում նախ և առաջ ձևավորելու վստահության մթնոլորտ, նախապատրաստելու խաղաղության, և այլն, և այլն: Բայց որպեսզի կարողանաս ընդհանրապես խոսել խաղաղության մասին՝ նախ և առաջ պիտի ունենաս բարենպաստ մթնոլորտ: Այլ հարց է, որ ինձ համար հասկանալի չէ, թե ինչպե՞ս կարելի է ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, եթե չկա գլոբալ պայմանավորվածություն, թե ինչի շուրջ կարող է լինել այդ խաղաղությունը:

Օրինակ, մեր ժողովրդին ինչի՞ն պետք է պատրաստել: Եթե դուք ինձ ասում եք, որ մենք պետք է պատրաստվենք խաղաղության, ես ասում եմ՝ մենք ո՞ր հարցն ենք լուծել, որ հիմա պատրաստվում ենք խաղաղության: Խաղաղության պատրաստվում են այն ժամանակ, երբ կա կոնցեպցիա, կա կոնկրետ ծրագիր, նախանշված են կոնկրետ քայլեր և ամենակարևորը՝ կողմերի համաձայնությունը, որ շարժվելու ենք այս ծրագրով, այս ճանապարհային քարտեզով, հասնելու ենք դրան, և միայն դրանից հետո կարելի է նախապատրաստել խաղաղության: Երբ սահմանին կրակում են և խաղի կանոնները հստակեցված չեն, երբ, ըստ էության, ռազմատենչ հայտարարություններ են հնչում՝ նման պայմաններում որևէ մեկը չի կարող խոսել խաղաղության մասին: Դրա համար էլ համանախագահների մտահոգությունը այն է, որ այս մթնոլորտում չես կարող խաղաղության նախապատրաստել:

– Երբ համանախագահներն ընդգծում են, որ կոնֆլիկտը չունի ռազմական լուծում, նշանակում է՝ պատերազմի ռիսկերը ավելացե՞լ են:

– Իմ կարծիքով՝ ռիսկերը ընդհանուր առմամբ ավելացել են, քանի որ Ադրբեջանի այս կոշտ գնահատականները, որ տրվում են նախ և առաջ Ադրբեջանի նախագահի մակարդակով և համապատասխան կառույցների ղեկավարների կողմից, նաև վկայում են այն մասին, որ գուցե Ադրբեջանում կային ինչ-որ հույսեր՝ կապված բանակցային գործընթացի հետ, և հիմա հիասթափություն է առաջացել: Դրանից է բխում նաև այս անհամբերությունը և տարածքային նկրտումների դրսևորումը: Եվ կարծում եմ, որ ամեն դեպքում, այո՛, պատերազմի վերսկսման հնարավորությունը կամ ռիսկերը հիմա ավելի մեծ են, առավել ևս եթե հաշվի առնենք, որ համաշխարհային քաղաքականությունը, աշխարհաքաղաքական մթնոլորտը ամենակայունը չէ և ամենավերահսկելին չէ այսօր: Դա, իհարկե, առաջին հերթին կապված է կորոնավիրուսի համավարակի, ինչպես նաև այլ գործոնների հետ: Այսինքն՝ պրոցեսի վերահսկելիությունը, կայունությունը հիմա ավելի ցածր է:

– Իսկ ընդհանուր առմամբ արտգործնախարարների միջև կազմակերպված տեսակոնֆերանսը որևէ նշանակություն ունե՞ր նշված բոլոր հարցերի և առաջին հերթին՝ տարածաշրջանում կայունության պահպանման ու խաղաղ երկխոսության շարունակականությունն ապահովելու տեսանկյունից:

– Գիտեք, եթե խոսում ենք խաղաղ երկխոսության կամ բանակցությունների մասին՝ պետք է հաշվի առնենք մի քանի կարևոր հանգամանք: Ես հիմա չեմ ուզում անդրադառնալ այն խնդրին, որ ըստ հայկական կողմն ասում է, թե բանակցություն չկա, փաստաթուղթ չկա, իսկ միջնորդները՝ առնվազն Ռուսաստանի մակարդակով (մյուսները առանձնապես չեն էլ հերքում) և Ադրբեջանը պնդում են, որ կա թե՛ փաստաթուղթ, թե՛ բանակցային գործընթաց, և այլն, և այլն: Բայց այն նախագիծը կամ կարգավորման մեթոդաբանությունը, որ առաջարկվել է, նկատի ունեմ փուլային տարբերակը, կարծում եմ՝ անհեռանկարային է: Ուստի, եթե խոսում ենք պրակտիկ օգուտի մասին, ապա լավագույն դեպքում այս բանակցությունները թերևս կարող են օգուտ տալ ոչ թե հիմնարար լուծման հասնելու առումով, այլ գուցե, այսպես ասած, վստահության պրոցեսում ևս մեկ քայլ անելու առումով: Հիշում եք՝ լրագրողներ էին ուղարկում գերգաղտնիության պայմաններում կամ պայմանավորվում էին, որ սահմանային գոտում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ պետք է անվտանգություն ապահովեն: Կարծում եմ՝ պրագմատիկ առումով լավագույն դեպքում հենց այդ՝ հումանիտար ոլորտներում կարող է ինչ-որ դրական տեղաշարժ լինել: Թեև դրանում էլ եմ մի քիչ կասկածում, քանի որ որպեսզի այդ հարցերում կարողանաս իսկապես ինչ-որ առաջխաղացում ունենալ, այնուամենայնիվ, պետք է ընդհանուր ֆոնը դրական լինի: Այս մթնոլորտում, երբ քեզ տարածքային լուրջ պահանջներ են ներկայացնում՝ ընդհուպ միչև մայրաքաղաքը, չեն կարող քննարկվել ավելի լուրջ հարցեր, քան հումանիտար հարցերը:

Եվ այս իմաստով բանակցությունները, որ հիմա ընթանում են, ավելի շատ հերթապահ բնույթ են կրում: Այսինքն՝ պետք է լինեն՝ արվում են: Բացի այդ, պետք է հաշվի առնենք նաև այն, որ միջնորդ կազմակերպությունները, որոնք զբաղվում են այս հարցով, բավական լուրջ բյուրոկրատական կառույցներ են, որոնք նույնպես պետք է արդարացնեն իրենց գոյությունը: Ուստի պրագմատիկ առումով բանակցային գործընթացում որևէ նոր բան, նոր քայլ, առաջխաղացում կամ հեռանկար, կարծում եմ, չկա:

1in.am

 

Պիտակ

Մեկնաբանություններ