Հուլիս 10, 2020 14:11 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանի կոշտ հիշեցումն Ալիեւին. Իրանի «բլից կրիգը»

Իրանն ու Սիրիայի կառավարությունը կնքել են ռազմական ոլորտում ընդգրկուն գործակցության համաձայնագիր, որի նպատակների շարքում է Սիրիայի հակաօդային պաշտպանության արդիականացումը, նաեւ Սիրիայի տարածքից անօրինական ռազմական ստորաբաժանումների դուրսմղումը:

Իրան-Սիրիա ռազմական գործակցության ընդգրկուն համաձայնագիրը խիստ նշանակալի իրադարձություն է ոչ միայն մերձավորարեւելյան ռեգիոնում մշտապես թեժ իրադրության, այլ նաեւ լայն աշխարհաքաղաքական վերափոխումների ֆոնին, որ տեղի են ունենում նոր աշխարհակարգի ձեւավորման տրամաբանությամբ:

Թեհրանի ու Դամասկոսի համաձայնագիրը փաստորեն հաջորդում է այսպես ասած Աստանայի եռակողմ ձեւաչափի տեսավեհաժողովին, որ օրեր առաջ տեղի ունեցավ Էրդողանի, Ռոհանիի եւ Պուտինի մասնակցությամբ: Դրան նախորդել էր Իրանի արտգործնախարարի այցը Անկարա եւ Մոսկվա, իսկ դրանից առաջ էլ փաստորեն չեղարկվեց Անկարայում ՌԴ-Թուրքիան արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների մակարդակով սպասվող բանակցությունը, որը լինելու էր լիբիական հակամարտության առիթով: Բայց, անկասկած է, որ Մոսկվան ու Անկարան քննարկելու էին հարցերի լայն, այդ թվում սիրիական շրջանակ:

Խոշոր հաշվով, Թեհրանը «բերման» ենթարկեց երկուսին, որոնք տեւական ժամանակ խուսանավում էին Աստանայի ձեւաչափի հավաքից: Սիրիայի հետ Իրանի նոր համաձայնագիրը անկասկած ուղղված է Թուրքիային ու Ռուսաստանին, որոնք փորձում էին խաղից դուրս թողնել Իրանին։ Մյուս կողմից, Մոսկվան ու Անկարան այդպիսով արձագանքում էին ռեգիոնալ նոր իրադրությանը, որ ստեղծվեց 2020 թվականի հունվարի 3-ին, երբ ԱՄՆ նախագահի քաղաքական որոշմամբ չեզոքացվեց իրանցի առանցքային գործիչ, գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Մի կողմից ուժեղ հարված հասցնելով Թեհրանին, մյուս կողմից ԱՄՆ-ը փաստացի Իրանին տվեց ռեգիոնալ մյուս դերակատարների հանդեպ առավել համոզիչ խաղի ուժեղ փաստարկ:

Հատկանշականն այն է, որ  ամերիկա-իրանյան պատերազմի կամ բախման հետագա կանխատեսումները կամ սպասումները չարդարացան, փոխարենը բախման մեջ հայտնվեցին Ռուսաստանն ու Թուրքիան, ընդ որում երկարաժամկետ բախման: Բանն այն է, որ Իրանի ստացած հարվածը ռեգիոնում խորքային առումով նեղացրել է ավելի շատ Մոսկվայի ու Թուրքիայի տարածությունը, ինչն էլ թերեւս Իդլիբի շուրջ նրանց բախման պատճառներից մեկն էր: Այդ հանգամանքից դժգոհ չէ թերեւս Իսրայելը:

Ի դեպ, հատկանշական է, որ օրեր առաջ Թեհրանում Հայաստանի դեսպանատան դիմաց մի քանի տասնյակ անձ բողոքել էր Իսրայելի հետ Հայաստանի հարաբերության սերտացման հեռանկարից, Թել Ավիվում հայկական դեսպանության բացման թեմայով: Իրանի ներքին համակարգի բնույթն իհարկե թույլ չի տալիս մտածել, թե այդօրինակ ակցիան կարող էր լինել առանց իշխանության հավանության: Մյուս կողմից, Իրանի իշխանությունն իհարկե բազմաշերտ է ոչ միայն պահպանողականների եւ ռեֆորմիստների պայքարով, այլ նաեւ նաեւ թուրքական լոբբինգի որոշակի ազդեցիկ խմբերի առկայությամբ, որոնք բնականաբար տեղավորվել են այդ պայքարի շերտերում: Իսկ այստեղ կարող է լինել մտավախություն, որ Հայաստանը թե Իրանի, թե Իսրայելի հետ լավ հարաբերությամբ կարող է լինել որոշակի կոմունիկացիոն կառույց առանցքային հարցերի վերաբերյալ միջնորդավորված երկխոսության համար:

Ի վերջո, Իրանն ու Իսրայելը պետք է գտնեն համակեցության ընդհանուր պլաստ, թե մեկը, թե մյուսը չի վերանալու եւ չի դադարելու ունենալ ռեգիոնալ առանցքային դերակատարում:

Այդ երկխոսությունը կարող է ներառել ռեգիոնալ անվտանգության համակարգի լայն կոր՝ Կովկաս-Մերձավոր Արեւելք, որի պատմա-քաղաքական հենքի կարգավիճակում արտահայտված դեր է ունենալու հայկական հարցը՝ արցախյան հաղթանակի բերումով: Հատկանշական է իսրայել-ադրբեջանական տիրույթում նկատվող որոշակի սառնությունը կամ առնվազն դադարը:

Ի դեպ, այդ համատեքստում հետաքրքիր է նաեւ նախօրեին Հայաստանի վարչապետի՝ խոսնակի միջոցով արձագանքը Ալիեւի հայտնի հայտարարություններին: Նիկոլ Փաշինյանը դրանում պատմաքաղաքական համատեքստում մի քանի անգամ հիշատակում էր Իրանի հանգամանքը, Ադրբեջան պետության հիմքային դատարկության եւ Իրանի հավակնության ասպեկտում:

Lragir.am

 

Մեկնաբանություններ