Օգոստոս 01, 2020 22:43 Asia/Tehran
  • Երեւանն ու Ստեփանակերտը անցնում են գործի՞. պաշտպանության նախարարի զգուշացումը

Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի եւ ԼՂ-ի (Արցախ) արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Մասիս Մայիլյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են տավուշյան իրողությունները, ռեգիոնալ անվտանգային վիճակը, ղարաբաղյան (արցախյան) գործընթացն ու հայկական կողմերի անելիքները:

Երկու նախարարները Երեւանում ընդգծել են լարվածության ռիսկերի նվազեցման և հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հրամայականը։ Միեւնույն ժամանակ, համաձայն պաշտոնական հաղորդագրության, «Մասիս Մայիլյանը և Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել են հայկական երկու պետությունների միջև անվտանգության ոլորտում համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու արդիականությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նշված ոլորտում համագործակցության իրավական հիմքերի զարգացման անհրաժեշտությանը՝ հաշվի առնելով ընդհանուր անվտանգային մարտահրավերները»:

Հայաստանի ու  ԼՂ-ի (Արցախ)    արտգործնախարարների երեւանյան հանդիպումը պարունակում է երկու առանցքային ազդակ: Նախ, Երեւանն ու Ստեփանակերտը ազդարարում են հրադադարի վերահսկման եւ հետաքննության մեխանիզմների հրամայականը: Այստեղ անշուշտ առաջանում է հարց, թե որքա՞ն է այն սկզբունքային տեղ զբաղեցնում հայկական կողմերի հետագա օրակարգում: Այն, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի պահվածքն ու վարքագիծը Հայաստանին ու   ԼՂ-ին (Արցախ  այդ հարցում տալիս են կոշտ եւ անզիջում դիրքորոշման միանգամայն լեգիտիմ հիմք, կասկածից վեր է: Միեւնույն ժամանակ, նույնքան անկասկած է, որ անկախ այդ ամենից, հայկական կողմերի համար հարցը չունի համարժեք «փոխարինում», քանի որ մնացյալ բոլոր օրակարգային հաջորդականությունները ծառայում են ընդամենը որպես ադրբեջանա-թուրքական շանտաժի «կամուֆլյաժի» տարատեսակ:

Մյուս կարեւոր ազդակն այն է, որ արտգործնախարարների հանդիպմանը բարձրաձայնվում է անվտանգային համակարգում Հայաստան- ԼՂ(Արցախ)    գործակցության բովանդակության եւ իրավական հիմքի զարգացման անհրաժեշտությունը: Հազիվ թե խոսք լինի  ԼՂ-ի (Արցախ)    ճանաչման մասին, բայց կարող է իրավական հիմքի զարգացման ներքո ուրվագծվել Հայաստան- ԼՂ  (Արցախ)   ռազմա-քաղաքական պայմանագիրը, որպես ռեգիոնալ անվտանգային նոր համակարգի եւ կառուցվածքի իրավա-պայմանագրային բազայի ընդլայնում:

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ