Օգոստոս 04, 2020 22:01 Asia/Tehran
  • Ամուլսարում իրավիճակը պայթյունավտանգ է. բազմաթիվ ցուցարարներ բերման ենթարկվեցին

Ամուլսարի հանքավայրի մոտ հավաքվածները ոստիկաններին կոչ են անում հեռանալ խաղաղ ցույցի տարածքից և բախում չհրահրել։

Ամուլսարում այս պահին լարված իրավիճակ է, ոստիկանության աշխատակիցները ճանապարհը ավտոշարասյունով փակած ցուցարարներին հոդորում են դադարեցնել ցույցը, սակայն ակցիայի մասնակիցներն ընդդիմանում են։

Ոտիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը եկել էր ցուցարարների հետ բանակցելու, որպեսզի բացեն ճանապարհը, և երթևեկությունը կաթվածահար չլինի։ Ոմանք ընդդիմացան, ոստիկանների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ։ Իրավապահները 10 հոգու բերման ենթարկեցին։

Ակտիվիստները հայտարարեցին, որ պատրաստ են ոստիկանների հետ խաղաղ բանակցությունների, բայց ունեն պահանջ, որ ոստիկանությունն ազատ արձակի բերման ենթարկվածներին։

«Ամուլսար, միայն սար»,–բացականչում էին ցուցարարները։

Նրանք կոչ արեցին ոստիկանական զորքերը հանել խաղաղ ցույցի տարածքից և բախում չհրահրել։

«Խնդիրը ոստիկանության մեջ չէ, հարցն ուղղված է կառավարությանը։ Ամուլսարի հանքարդյունաբերությունը պետք է չեղարկվի։ Ոստիկանությունը այստեղ անելիք չունի, քանի որ ոստիկանը մերն է»,–բղավեց ցուցարարներից մեկը։

Հիշեցնենք, որ Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում են վագոն–տնակներում՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

2019 թ. ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

 

Պիտակ