Օգոստոս 05, 2020 18:46 Asia/Tehran
  • «Հայկական բանակին Թուրքիայով չես վախեցնի. ինչպե՞ս կդասավորվեն արտաքին ուժերը Նախիջևանի կողմից հարձակման դեպքում». EADaily-ի անդրադարձը

Ղարաբաղյան հակամարտությունը երկու հարևան պետություններին պահում է մշտական պատերազմական վիճակում:

Այս իրավիճակը վերաբերում է նաև ցամաքային սահմանի հյուիսային և հարավարևմտյան (նախիջևանյան) հատվածին: Նման նախաբանով է սկսվում EADaily-ի հոդվածը, որով անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած բախումներին և տարածաշրջանի երկրների արձագանքին:

Հոդվածագիր Վյաչեսլավ Միխայլովը նշում է, որ շփման գծի ողջ երկյանքով տեղակայված են հայկական և ադրբեջանական զինուժի մարտական դիրքերը: «Առանձին հատվածներում, ինչպես ցույց են տալիս արբանյակային լուսանկարները, ԽՍՀՄ նախկին վարչական սահմանը զգալիորեն «խախտված» է. կողմերի հենակետերը նկատելիորեն խորանում են դեպի հակառակորդի տարածք: Նման իրականությունն Անդրկովկասի ռազմաքաղաքական քարտեզում ընդհանուր տարածաշրջանային լարվածության գործոններից մեկն է, որի վառ ապացույցն են անցյալ ամիս Երևանի և Բաքվի միջև տեղի ունեցած մարտական բախումները»,- գրել է Միխայլովը՝ հիշատակելով ադրբեջանական ուժերի հարձակումները Տավուշի ուղղությամբ:

«Եթե դրանք համեմատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ խոշորագույն էսկալացիայի հետ, որը տեղի էր ունեցել 2016-ի ապրիլին, ապա հուլիսյան մարտերը դուրս չեն եկել երկու բանակային կորպուսների կողմից իրականացվող գործողությունների սահմանից: Ավիացիան, այդ թվում և մարտավարական, չի գործարկվել: Սակայն երկու երկրների միջև հարաբերությունների հերթական պարզման քաղաքական բաղադրիչը բավական հեռու է գնացել տարածաշրջանի սահմաններից»,- գրում է հոդվածի հեղինակը:

Վերջինիս կարծիքով՝ «Թուրքիայի արձագանքը, որը կատարվածն անվանել էր «հայկական սադրանք» և ոտքից գլուխ լծվել Բաքվին աջակցելու գործին, ինչպես միայն հնարավոր է, բացարձակապես կանխատեսելի էր»: «Եթե Երևանում ինչ-որ մեկի համար Անկարայի կողմից ագրեսիվության նման դրսևորումն անակնկալ էր, ապա դա պետք է համարել հայկական իշխանությունների բացթողումը»,- նշում է հեղինակը:  

«Անդրկովկասյան մայրաքաղաքներից յուրաքանչյուրի մեջքին իր դաշնակիցն է կանգնած: Ռուսաստանը չէր կարող իրեն թույլ տալ այն, ինչ թուրքական դիվանագիտությունն իր համար չափանիշ է համարում՝ ակնհայտորեն թշնամական դիրք զբաղեցնել հակամարտության կողմերից որևէ մեկի նկատմամբ: Սակայն ռուսական բանակի կողմից իրականացված կարճաժամկետ, հեռավար քայլերը՝ հանկարծակի զորավարժությունների տեսքով, որոնք ընդգրկել էին Հարավային  շրջանը, մեծ նշանակություն ունեին Երևանի համար: Դիվանագետները Մոսկվայում անում էին իրենց գործը, զինվորականներն՝ իրենցը: Հայաստանն անհապաղ առաքելություն չուղարկեց Ռուսաստան, ինչպես Ադրբեջանն իր ՊՆ երկրորդ դեմքին հուլիսի 16-ին ուղարկեց Անկարա: Հայ-ռուսական համատեղ զորավարժությունները և մարտունակության ստուգումը ևս անցան ըստ ծրագրված ռեժիմի՝ ի տարբերություն թուրք-ադրբեջանական ցուցադրական զորավարժությունների (հայկական սահմանի մոտ մանևրների տեսքով և հարվածային ուղղաթիռների տեղակայմամբ Նախիջանում)»,- գրել է Միխայլովը:

Հետևելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների պայմանական կենտրոնի փոփոխման տրամաբանությանը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմից և սահմանի հյուսիսային հատվածում հուլիսյան մարտերից հետո շատ հիմքեր կան ենթադրելու, որ հաջորդ էսկալացիան տեղի կունենա Նախիջանի ուղղությամբ: Այստեղ արտաքին ուժերի այլ դասավորություն կլինի: Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ Նախիջևանի կողմից կպատերազմի թուրք-ադրբեջանական խմբավորումը: Դե-ֆակտո սահմանի մյուս կողմում կտեղակայվի Հայաստանի ԶՈւ (5-րդ բանակային կորպուս) և ՌԴ ԶՈւ (102-րդ ռազմական բազա) զորքերի միավորված խմբավորումը: Թե ում կողմը կլինի Իրանի ռազմաքաղաքական նախընտրությունը, դժվար չէ գուշակել: Նախիջևանն իսլամական հանրապետության համար առանձին դեպք է: Այստեղ ՆԱՏՕ-ի անդամ միակ մերձարևելյան երկրի «հաղթական» գործողությունները տեսնել Թեհրանը վստահաբար մտադիր չէ»,- կարծիք է հայտնել հոդվածագիրը:

Tert.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ