Սեպտեմբեր 14, 2020 20:35 Asia/Tehran
  • Հայաստանը պատվաստանյութի ձեռքբերման համար բանակցում է ՌԴ–ի հետ. նախարարություն

Հայաստանում հիվանդության որոշակի անկում է նկատվում, սակայն երկրորդ ալիք է սպասվում։ Այդ պատճառով պատվաստանյութի ձեռքբերման մասին խոսակցություններն այժմ շատ արդիական են։

Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի և այլ երկրների հետ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ գնելու համար։ Sputnik Արմենիայի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկությունը հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«ՀՀն այս պահին բանակցություններ է վարում ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ պատվաստանյութ արտադրող այլ երկրների և միջազգային գործընկերների հետ»,– գրված է գրավոր պատասխանում։

Ընդգծվում է նաև, որ ներկա պահին բանակցությունները դեռ ընթացքի մեջ են և ձեռք բերվող քանակի վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել։

Ավելի վաղ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ներկա պահին տարբեր երկրների 8 պատվաստանյութեր կլինիկական փորձարկումների փուլում են։ Սակայն դեռ ոչ ոք չի կարող ասել, թե կոնկրետ որ մեկն առաջինն արտոնագիր կստանա։

Նրա խոսքով` ռուսական պատվաստանյութը ժամանակավոր գրանցում ունի, այն սահմանափակ քանակով է կիրառվելու, քանի որ ըստ ՌԴ օրենքի` փորձարկման երրորդ փուլում 40 000 պատվաստում պետք է լինի, ինչի համար ժամանակավոր գրանցում է պետք։ Կան նաև չինական արտադրության երկու պատվաստանյութ, որոնք ևս ժամանակավոր գրանցում ունեն։

Սահակյանը պնդում է, որ այս պահին դեռ ոչ մի երկիր պայմանագիր չի կնքել պատվաստանյութեր գնելու համար, բոլորի մոտ սպասողական վիճակ է։ Հայաստանը ևս փնտրտուքների մեջ է` բանակցություններ է վարում առանձին արտադրողների, միջազգային կառույցների և երկրների հետ։ Դեռ վաղ է ասել, թե որ պատվաստանյութը կհասնի Հայաստան, սակայն շատ ինտենսիվ բանակցություններ են ընթանում։

Նշենք, որ Ռուսաստանն առաջինն է աշխարհում COVID-19–ի դեմ պատվաստանյութ գրանցել, որը ստեղծվել է Գամալեայի կենտրոնի և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի կողմից։ Այդ պատվաստանյութը ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակը արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ

Մեկնաբանություններ