Սեպտեմբեր 19, 2020 10:51 Asia/Tehran
  • Վարչապետ Փաշինյանը չի ուզում փախչել. իշխանությունը կլուծի՞ իր հեռանալու հարցը

«Մենք պետք է հրաժարվենք «սիրված լինելու» կոմֆորտ զոնայում գտնվելու մեր ձգտումներից, որովհետեւ մենք իշխանության չենք եկել այստեղ մնալու համար, մենք իշխանության եկել ենք մեր ժողովրդի, մեր պետության համար մտածողության նոր հարթություն ձեւավորելու եւ Հայաստանը այդ նոր հարթություն բարձրացնելու նպատակով», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան գրառումով անդրադառնալով հեղափոխության հաջողության բերած քաղաքական մարտավարությանն ու ռազմավարությանը:

Նիկոլ Փաշինյանը շոշափում է թե անձնապես իր, թե Հայաստանի համար առանցքային հարցը՝ իշխանություն, որ լուծել է իր գնալու հարցը: Գործնականում այստեղ է եղել Հայաստանի համակարգային խնդիրների, ամբողջատիրական եւ ավտորիտար ճահճի առանցքային հարցը, որ հնարավոր չի եղել լուծել ավելի քան քառորդ դար, Հայաստանը գցելով պարբերական բռնությունների ու բախումների, արյան ու նաեւ սպանությունների հորձանուտ:

Կլուծի՞ Նիկոլ Փաշինյանը իր իշխանության հեռանալու հարցը, դա կլինի թե իր, թե Հայաստանի պետականության կարեւոր ձեռքբերումներից մեկը: Այդ համատեքստում, ի դեպ, բավականին տպավորիչ է Վրաստանի օրինակը, ավելի ճիշտ՝ հակաօրինակը: Վրաստանի ռեֆորմատոր նախագահ Սահակաշվիլին լուծեց շատ հարցեր, կարեւորից բացի: Առերեւույթ լուծած լինելով իշխանությունից հեռանալու հարցը, այդուհանդերձ պարզվեց, որ խորքային առումով հարցը լուծված չէ, եւ Սահակաշվիլին ոչ թե հեռացավ, այլ փախավ՝ փախավ Վրաստանից, իսկ նրա հետ պաշտոնավարած մի շարք առանցքային գործիչներ հայտնվեցին բանտում:

Խնդիրը այդտեղ լոկ Իվանիշվիլիի իշխանության կոշտության ու անիրավության հարցը չէ, ինչպես պնդում են Վրաստանի ընդդիմությունն ու Սահակաշվիլին: Խնդիրը այդպիսի պարագայում խորքային է, որովհետեւ իշխանության փոխանցման հարցը ենթադրում է փոխանցում ներքին խորը փոխհամաձայնության հարցում, որպեսզի իշխանության մի ուժից մյուսին անցումը որեւէ կերպ չառաջացնի «վենդետտայի» քաղաքական անհրաժեշտություն ու «հանրային պահանջ»:

Այդ խնդիրը անցումային պետություններում ու հանրություններում լուծելը, հատկապես հետխորհրդային երկրներում, որտեղ օբյեկտիվորեն ահռելի է փլուզված, նաեւ փլուզման երկրորդ ալիքն ապրող «մետրոպոլիայի» ուղղակի թե անուղղակի ազդեցությունը, չափազանց բարդ հարց է:

Փաշինյանի հոդվածն այն մասին է, որ նա իշխանությունը թողնելուց հետո չի ուզում փախչել Հայաստանից, կամ չի ուզում, որպեսզի դրանից խուսափելու միակ տարբերակը լինի իշխանությունը պահելը: Որովհետեւ դա լինելու է ոչ միայն նրա անձնական խնդիրը, այլ Հայաստանի պետական խնդիրն ընդհանրապես: Վրաստանը միայն կորոնավիրուսի դեմ պայքարի օրինակ չէ:

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ