Սեպտեմբեր 26, 2020 23:36 Asia/Tehran
  • ՀԱԷԿ-ին ուղղված ադրբեջանական սպառնալիքը կքննարկվի ՄԱԿ-ում. Հայաստանը բանաձև կներկայացնի

Հայ-ադրբեջանական սահմանին մի քանի օր տևած մարտերի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին։ Հայաստանն այդ հարցը կբարձրացնի միջազգային բոլոր ամբիոններում։

Հայաստանը պատրաստվում է ՄԱԿ-ում հանդես գալ հայկական ատոմակայանին ուղղված ադրբեջանական սպառնալիքի դեմ բանաձև ընդունելու առաջարկով: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

   «ՄԱԿ-ում մեր ներկայացուցչությունը այս անգամ բանաձևը չի ներկայացրել քվեարկության՝ հաշվի առնելով համավարակը, մասնակիցների թիվը: Բայց սա մեր օրակարգում է, մենք մշտապես սրա մասին խոսելու ենք, որովհետև անպատասխանատու հայտարարություններ այս մասով լինել չեն կարող»,- ասաց նա:

Նախարարը նաև վստահեցրեց, որ Հայաստանը միջազգային բոլոր ամբիոններում մշտապես այս հարցը բարձրաձայնելու է, ու դա չի լինելու միայն խոսք:

«Մենք պետք է հասնենք նրան, որ համապատասխան գնահատականներ տրվեն այդ երևույթին»,- ասաց նախարարը:

Սեպտեմբերի 21-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում Սուրեն Պապիկյանը հանդիպում էր ունեցել ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ և մտահոգություն հայտնել ՀԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքի վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը դիտարկում է այն որպես արժանահավատ սպառնալիք:

«Ադրբեջանի կողմից հնչեցվածն աննախադեպ է աշխարհում, հատկապես, երբ դա զուգորդվում է ռազմական գործողություններով: Իսկ դա տեղի է ունեցել ռազմական գործողությունների օրերին: Դա պիտի մտահոգիչ լինի ոչ միայն մեզ համար, այլև մեր միջազգային գործընկերների»,- անդրադառնալով ԱԷՄԳ գլխավոր տնօրենի հետ հանդիպմանն ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ էներգետիկ անվտանգության գործակալությունը շատ կարևոր հարթակ է, որտեղ անդամ երկրների համագործակցության հիմքում ատոմային էներգիայի խաղաղ շահագործումն է:

Ներկայացնելով հանդիպման՝ պաշտոնական լրահոսից դուրս մնացած հատվածը՝ նախարարը հայտնեց, որ իր ներկայացրած մտահոգությանը ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին ու գործակալության երկու փոխտնօրեններն ընբռնումով են մոտեցել:

    «Սա այն դեպքն է, երբ քաղաքական մասը պետք է լինի երկրորդական: Առաջնայինը մարդկային կյանքերն են, քանի որ սա մարդկային կյանքերին, տարածաշրջանային ու համամարդկային անվտանգությանն ուղղված սպառնալիք է, այդ թվում՝ նաև տվյալ երկրին, որն այդ մասին խոսում ու հոխորտում է»,- ասաց Պապիկյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում։ Մի քանի օր տևած մարտերի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Վագիֆ Դարգյահլին սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանին։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Մեկնաբանություններ