Սեպտեմբեր 28, 2020 11:57 Asia/Tehran
  • Ադրբեջանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Նախիջևանի հետ

Չեղյալ են հայտարարվել նաև Բաքվից դեպի Լոնդոն, Բեռլին, Դուբայ, Մոսկվա, Մինսկ նախատեսված չվերթերը։

 Ադրբեջանը դադարեցրել է Նախիջևանի ինքնավարության հետ ավիահաղորդակցությունը։ Տեղեկությունն այսօր հաղորդել են այդ երկրի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Ադրբեջանի տարածքում ռազմական դրության պատճառով Հեյդար Ալիևի անվան Բաքվի օդանավակայանը ժամանակավորապես անցնում է աշխատանքի սահմանափակ ռեժիմի:
Այդ շրջանակում դադարեցվել են «Ադրբեջանական ավիաուղիների» մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ նախատեսված Բաքու-Նախիջևան-Բաքու ուղղությամբ չվերթերը։
Չեղյալ են հայտարարվել նաև Բաքու-Լոնդոն-Բաքու և Բաքու-Բեռլին-Բաքու չվերթերը, որոնք նախատեսված են հոկտեմբերի 1-ին և հոկտեմբերի 2-ին:

Հիշեցնենք, սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։

Սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Մեկնաբանություններ