Սեպտեմբեր 28, 2020 13:35 Asia/Tehran
  • Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում Ադրբեջան.

Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում Ադրբեջան. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը և Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով դիմակայելու և չեզոքացնելու Ադրբեջան–Թուրքիա դաշինքի մտադրությունները։

Սպուտնիկ լրատվական ծառայության հաղորդման համաձայն`Ադրբեջանի հետ կողք-կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ–ն` անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային։

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Թուրքիան, որը մեկ դար առաջ բնաջնջել է իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդին, ներկայում հնարավոր բոլոր միջոցներով սատարում է Ադրբեջանին այդ նույն ցեղասպան գործողությունները Հարավային Կովկասում իրականացնելու համար»,–նշված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Թուրքիան սատարել է Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում դեռևս անցյալ դարի 90-ականներից, երբ ցամաքային շրջափակման ենթարկեց ՀՀ–ն։ Այնուհանդերձ, այժմ Թուրքիայի աջակցությունը բնութագրվում է ռազմական գործողությունների թատերաբեմում նրա ուղղակի ներկայությամբ:

Ըստ ՀՀ ԱԳՆ–ի` Հայաստանը և Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով դիմակայելու և չեզոքացնելու այդ դաշինքի մտադրությունները: Հայկական կողմերի այդ վճռականությունն այլընտրանք չունի, քանի որ արտահայտում է հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու անկոտրում կամքը:

ԱԳՆ–ն վստահեցնում է` Հայաստանն ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է և Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից։

Ադրբեջանն Արցախի ժողովրդի հետ պետք է խոսի ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։

Սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։

Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 31 զինծառայողներ և 2 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը 100–ից ավելի վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Պիտակ

Մեկնաբանություններ