Սեպտեմբեր 28, 2020 18:17 Asia/Tehran
  • Հայկական բանակը կռվում է ոչ միայն հայկական անվտանգության համար

Ադրբեջանի սանձազերծած պատերազմը արդիականացրել է միջազգային հանրության պատասխանատվության խնդիրը, որի թողտվությամբ է Բաքուն գործնականում տարեցտարի վերածվել սպառնալիքի ոչ միայն հայկական պետականության, այլ ռեգիոնալ և միջազգային անվտանգության համակարգի համար:

Մեծ հաշվով, հայկական բանակը այսօր, և իհարկե անցնող մոտ երեսուն տարում, ապահովում է ոչ միայն մեր անվտանգությունը, այլ նաև միջազգային անվտանգային համակարգի: Հայկական բանակը այսօր կռվում է Ադրբեջանի և փաստացի Թուրքիայի դեմ, ու միաժամանակ նաև ոչ միայն հայաստանի և ԼՂ-ի (Արցախ), այլև Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, ու նաև Եվրոպայի համար: Որևէ մեկը Եվրոպայում թող չկասկածի, որ Կովկասում իր նպատակին հասնելու դեպքում Անկարան Եվրոպայի «փորոտիքում» դառնալու է ավելի ագրեսիվ, առավել անզուսպ, առավել անկասելի:

Եվ ուրեմն, այդ տեսանկյունից հայկական ուժերը ներկայումս լուծում են միջազգային անվտանգության խնդիր, առանց միջազգային հանրության գործուն ռազմական աջակցության: Միևնույն ժամանակ սակայն, Հայաստանը չի ակնկալում ռազմական աջակցություն, Հայաստանի ակնկալիքը քաղաքական աջակցությունն է, ընդ որում ոչ թե այսպես ասած կոնյուկտուրային, այլ ըստ էության՝ ընդամենը քաղաքական համարժեք պատասխանի արժանացնել միջազգային անվտանգության սպառնալիք դարձած, ահաբեկչական հովանու վերածված պետությանը: Դա միջազգային հանրության առնվազն բարոյական պարտքն է:

Միևնույն ժամանակ, անկասկած է և այն, որ միջազգային քաղաքականությունը առաջնորդվել է, առաջնորդվում է և առաջնորդվելու է շահերով: Հետևաբար, շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը միջազգային հանրության հետ հարաբերությունում ներկայացնելով համարժեք արձագանքի և քաղաքական գնահատականի պահանջներ, հորդորներ, ուղերձներ, այդուհանդերձ չանցնի մի ռեժիմի, երբ արդեն կարող է առաջանալ չհասկացվածություն և որոշակի լարվածություն: Ի վերջո, հենց գնահատելով, որ ամեն ինչ շահերի դաշտում է, մենք պետք է պաշտպանենք ուժային տարբեր կենտրոնների հետ այդ տրամադրությամբ; Մենք ունենք թուրք-ադրբեջանական սպառնալիք, և այդ սպառնալիքի ռազմական հակադարձմանը զուգահեռ մենք ունենք իհարկե քաղաքական գործընկերների և դաշնակիցների շրջանակի ընդլայնման և շահերի շրջանակի խտացման խնդիր, որը պահանջում է բավականին նուրբ և ինտենսիվ աշխատանք:

Միջազգային հանրությունը մեր գործընկերն է, դա չպետք է մոռանալ: Առավել ևս, որ գերակա ուժային կենտրոնները չնայած հավասարության նշանին, այդուհանդերձ անցնող տարիների ընթացքում խոշոր հաշվով նպաստել են հայկական հաղթանակով ձևավորված ստատուս-քվոյի պահպանմանը: Այսօր պետք է լուծել այդ խնդրի հաջորդ մի քանի տասնամյակի վերաբերող հարցերը:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ