Հոկտեմբեր 19, 2020 17:04 Asia/Tehran
  • ՀՀ-ի նախագահը պատրաստ է մեկնել Փարիզ, Լոնդոն եւ Բեռլին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Փարիզ, Լոնդոն եւ Բեռլին՝ Հայաստանի դիրքորոշումը Եվրոպայի ղեկավարներին ներկայացնելու համար։

«Պատրաստ եմ Անգելա Մերկելին ասել, որ ես հասկանում եմ՝ Եվրոպան զբաղված է COVID-19-ով, բայց այն, ինչ դուք, հավանաբար, պարզ չեք տեսնում, Կովկասից դեպի ձեզ եկող մեկ այլ աղետ է, որը ոչ թե կենսաբանական, այլ անկայունության եւ պատերազմի վիրուս է»,- POLITICO-ի հետ հարցազրույցում ասել է Արմեն Սարգսյանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ ստեղծված իրավիճակի մասին։

Միեւնույն ժամանակ, ասել է նախագահը, ինքը անհրաժեշտություն չի տեսնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հիշեցնել հակամարտության հնարավոր աշխարհաքաղաքական հետեւանքների մասին.

«Կարծում եմ՝ Մակրոնը հասկանում է, որ Կովկասում անկայունությունը հարվածելու է տարածաշրջանի ավելի հեռու հատվածներին, իսկ հետո ազդեցություն կունենա Արեւմտյան Եվրոպայի վրա: Նա հասկանում է, որ Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում նշանակում է, որ Հարավային Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան կախվածություն մեջ կլինեն Թուրքիայից, եւ Թուրքիան կդառնա տարածաշրջանային գերտերություն: Դա հենց այն է, ինչին ցանկանում է հասնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը»:

Հայաստանի նախագահը նաեւ նշել է, որ «ցանկանում է այցելել Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան՝ «բացատրություններ ստանալու», թե ինչու են «հսկայական քանակությամբ թուրքական զենքեր, դրոններ եւ F-16-ներ ներառված հայ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու գործընթացում»:

«Դրանք ՆԱՏՕ-ի արտադրության զենքեր են. շարժիչներն Ավստրիայից են, ավիացիոն ռադիոտեխնիկան՝ Կանադայից, հրթիռային մասերը՝ Բրիտանիայից եւ այլն», — նկատել է Արմեն Սարգսյանը:

orakarg.com

 

Պիտակ

Մեկնաբանություններ