Նոյեմբեր 24, 2020 10:56 Asia/Tehran
  • Ում է ընտրելու Ռուսաստանն  որպես վարչապետի թեկնածու

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատում են ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց հետ հեշտ աշխատանքային հարաբերություններ կառուցող նոր թեկնածու առաջարկեն:

Ըստ   տեղեկությունների, 17 կուսակցությունները քննարկել են երեք թեկնածուի անուն՝ Վազգեն Մանուկյան, Արթուր Վանեցյան եւ Հրանտ Բագրատյան: Նշված թեկնածուներից ռազմավարական գործընկերը նախապատվությունը տվել է Վազգեն Մանուկյանին:  Վազգեն Մանուկյանը վերջերս Մոսկվա է մեկնել այնտեղ իր թեկնածությունը քննարկելու համար: Սակայն սա չի նշանակում, որ ապագայում հենց նա է լինելու ՀՀ վարչապետը, պարզապես լինելու է ժամանակավոր կառավարության ղեկավարը, որը պետք է երաշխավորի անցնցում կառավարումն առաջիկա ամիսներին եւ նաեւ ազատ, արդար ընտրությունների անցկացումը:  Այսինքն՝ Մանուկյանը լինելու է կարճաժամկետ կառավարության ղեկավարը: Ինչքանով էլ տարակուսելի է թվում, սակայն այս ամենին զուգահեռ պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ունի զգալի թվով համակիրներ ՀՀ քաղաքացիների շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս թեմայի շուրջ զրուցել Վազգեն Մանուկյանի հետ, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ հայտարարելով, թե հարցազրույցներ չի տալիս»:

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար Ազգային ժողովի խորհուրդն այսօր նիստ կգումարի: Այս օրակարգով նիստը հրավիրվել էր նոյեմբերի 16-ին, սակայն հարցը չէր քննարկվել Ծառուկյանի բացակայության պատճառով: ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ հարցի քննության ժամանակ պատգամավորը պետք է ներկա լինի խորհրդի նիստին, իսկ երկրորդ նիստին կարող է հարցը քննվել առանց Ծառուկյանի ներկայության: ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, որն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ պաշտոն ունենալ առեւտրային կազմակերպություններում: Խորհրդի որոշման նախագծի հիմքում դրված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտնի եզրակացությունը։ Հաշվի առնելով իշխանական տրամադրությունները, ակնհայտ է, որ այսօր կայանալիք նիստում ԱԺ խորհուրդը Ծառուկյանին մանդատից զրկելու որոշումը կընդունի եւ կուղարկի ՍԴ: Բանն այն է, որ նախապես նիստը նշանակվել էր այսօր, ժամը 11-ին, սակայն խորհրդի որոշ անդամներ ասել են, որ զբաղված են այդ ժամին, ուստի նիստը տեղափոխվել է երեկոյան 6-ին, որպեսզի բոլորը ներկա լինեն, բայց խորհրդի կազմի մեծամասնությունն իշխող «Իմ քայլը» խմբակցությունից է: Եթե խորհուրդը դիմի ՍԴ, ՍԴ-ն պետք է քննի այդ որոշման սահմանադրականության հարցը առավելագույնը 30 օրվա ընթացքում եւ որոշում կայացնի»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղարշակ Հարությունյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո նախկին նախարար Դավիթ Տոնոյանի «կադրերն» ահուսարսափի մեջ են հայտնվել։ ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ, վարչության մի շարք պետեր, միջին օղակի պաշտոնյաներ մտածում են օր առաջ համակարգից հեռանալու մասին՝ վստահ, որ Անդրանիկ Քոչարյանն իր մտերիմ Վաղարշակ Հարությունյանի միջոցով շուտով սկսելու է Տոնոյանի կադրերի նկատմամբ հաշվեհարդարը, եւ պատերազմի նոր «մեղավորներ» կամ քավության նոխազներ են հանրությանը ներկայացնելու։ Ինչպես հայտնի է, Անդրանիկ Քոչարյանը պատերազմից հետո բացահայտ, դրանից առաջ՝ թաքուն, Տոնոյանի դեմ արշավ էր սկսել՝ հասունացնելով նրա հրաժարականը»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նույնպես, ըստ ամենայնի, հրաժեշտ կտա աթոռին։ Նրան փոխարինողների 3 անուն է այս օրերին շրջանառվում, մեկը՝ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, արդեն հրաժարվել է առաջարկից։ Հիմա իշխանությունն ընտրություն է կատարում 2 կանանց միջեւ՝ արդարադատության նախկին փոխնախարար, այժմ՝ վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի եւ արդարադատության գործող փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի միջեւ։ Վարդապետյանը չպատասխանեց մեր զանգերին, իսկ Գրիգորյանն ասաց․ «Նման բան չկա, խորհուրդ եմ տալիս կապնվել Լուսինե Մարտիրոսյանի հետ»։

«Ժողովուրդ» թերթը գրում է. Արցախում պատերազմի ավարտից հետո հակասական տրամադրություններ են: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահանջում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Միեւնույն ժամանակ, ԼՂ-ի Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն, ԼՂ-ի  նախագահին դեռ չեն կարող խորհրդարանում անվստահություն հայտնել: ԼՂ Սահմանադրության 96-րդ հոդվածն ասում է. «Հանրապետության նախագահին անվստահություն կարելի է հայտնել նրա կողմից պաշտոնը ստաձնելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ տարի հետո»: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ տարավ 2019 թվականի ապրիլի 15-ին, իսկ լիազորություններն ուժի մեջ մտան այս տարվա մայիսի 21-ին՝ երդման արարողությունից հետո: Ստացվում է՝ խորհրդարանում Արայիկ Հարությունյանին չեն կարող անվստահություն հայտնել, քանի որ Հարությունյանը դեռեւս անձեռնմխելի է, եւ խորհրդարանում կարող են այդ հարցը բարձրաձայնել միայն մեկ տարի հետո՝ 2021 թվականի մայիսին: Այսինքն՝ ԼՂ-ում իշխանափոխության հեռանկարը միայն կարող է լինել նախագահի հրաժարականի պարագայում։ Այլ տարբերակ ուղղակի օրենսդրությամբ նախատեսված չէ»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ԿԳՄՍ նախարարի թեկնածուների անուններ էին շրջանառվում, սակայն երեկ, վարչապետի առաջարկով, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշանակեց ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին՝ ՀՀԿ նախկին փոխնախագահ, բժշկականի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի հորեղբոր որդուն։ Նա կոմպրոմիսային կադր է, մի կողմից վարչապետին ապահովում է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների աջակցությամբ, քանզի Վ․ Դումանյանը հին «լեւոնական» է։ Մյուս կողմից՝ նա դեռ 90-ականներից մտերիմ է Արմեն Սարգսյանի հետ։ Տարակուսելին այն է, որ ՀՀ նախագահը մի կողմից պահանջում է Փաշինյանի հրաժարականը, մյուս կողմից անտրտունջ հրամանագրում նրա առաջարկած նախարարներին»:

«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ իշխանական դատավորների հայտնի զույգին՝ Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան, համալրվել է եւս մեկը․ նրանց է միացել նաեւ Արթուր Վաղարշյանը, ով ՀՀ նախագահի կողմից էր առաջադրվել։ Օրերս բարձր դատարանը քննարկել էր ՄԻՊ դիմումը՝ ռազմական դրության ժամանակ մամուլի ազատությունը սահմանափակող դրույթների վերաբերյալ, եւ որոշել էր կասեցնել դրանց գործողությունը։ Որոշմանը դեմ է քվեարկել իշխանական եռյակը։ Եթե Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի քվեարկությունը տրամաբանական է, ապա անհասկանալի է ԵՊՀ-ական Վաղարշյանի դիրքորոշումը։ Ինչո՞ւ եք դեմ քվեարկել․ երեկ հարցրինք Վաղարշյանին։ Նա թեեւ ինքն է հետ զանգել լրագրողին, բայց ասել է, որ խորհրդակցության է՝ չի կարող պատասխանել։ Արդյոք պատահականությո՞ւն է, որ հենց Արմեն Սարգսյանի կադրն է դեմ մամուլի սահմանափակումները հանելուն։ Գուցե անհիմն չեն լուրերը, որ ՀՀ նախագահը չնայած պահանջում է Փաշինյանի հրաժարականը, բայց գործում է նրա հետ համաձայնեցված»:

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք արդեն անդրադարձել ենք այն տեղեկություններին, որ եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ մեծամասամբ հրաժարվում են Հայաստանի քաղաքացիներին «վիզա» տրամադրել, այդ թվում՝ առողջական խնդիրների հիմքով Եվրոպական որեւէ երկիր մեկնելու ցանկություն ունեցողներին: Ըստ մեզ տեղեկություն հաղորդած քաղաքացիների, հիմա ավել ի շատ մերժում են «չվստահելու» կամ «կասկածի» հիմքով: Բանն այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները կասկածներ ունեն, որ այդ քաղաքացիները առողջական վիճակը պատրվակ են օգտագործում երկրից հեռանալու համար՝ կապված նախ՝ պատերազմի, ապա եւ Հայաստանում ստեղծված անառողջ մթնոլորտի ու ներքաղաքական բարդ իրավիճակի հետ: Պարզվում է, սակայն, որ «վիզա» տրամադրել մերժում են ոչ միայն եվրոպական երկրների դեսպանատները եւ ոչ միայն «շարքային» քաղաքացիներին: «Փաստ» թերթի տեղեկություններով, պատերազմի օրերին ԱԺ «իմքայլական» մի շարք պատգամավորներ եւ մի քանի այլ պաշտոնյաներ դիմել են Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատուն՝ մուտքի արտոնագիր ստանալու համար, սակայն մերժվել են: Թե կոնկրետ ինչ նպատակով են դիմել եւ թե այդ դիմումներից քանիսն են եղել «աշխատանքի բնույթով», ցավոք, ճշտել չհաջողվեց: Այդուամենայնիվ, ուշագրավ է, որ դիմածներից որեւէ մեկի (այլ աղբյուրների փոխանցմամբ՝ գերակշիռ մեծամասնության) խնդրանքը ԱՄՆ-ի դեսպանատունը չի բավարարել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դատաբժշկական փորձաքննությունների եւ նախաքննական մարմինների մոտ անելանելի վիճակ է ստեղծվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմիններին դատախազությունը հանձնարարել է, որ քրեական գործերի բնույթից ելնելով՝ պետք է վիրավոր զինվորներին դատաբժշկական փորձաքննության ենթարկել: Այս հանգամանքը խիստ զայրացրել է ե՛ւ քննիչներին, ե՛ւ դատաբժիշկներին, որոնք ասել են՝ դիմում կգրեն, կազատվեն պաշտոնից: Ըստ նրանց՝ 11 հազար վիրավոր կա, եւ ինչպես իրենք կարող են 11 հազար վիրավոր զինվորի ենթարկել փորձաքննության, երբ այդքան ռեսուրս չունեն, չկա այդքան քննիչ, եւ, բացի այդ, այդքան քրեական գործեր են հարուցվել, որ հնարավոր չէ այս իրավիճակում իրականացնել: Թե ինչ կլինի դատախազության այս ցուցումի վերջը, դժվար է ասել, բայց ցուցումը լուրջ խռովություններ է առաջ քաշել ե՛ւ դատաբժիշկների, ե՛ւ քննիչների շրջանում: Իսկ, ահա, այս իրավիճակին զուգահեռ անհետ կորած զինծառայողների ծնողները շարունակում են պահանջել հանդիպում պաշտպանության նախարարի հետ: Նրանք ամեն օր Պաշտպանության նախարարության դիմաց են: Զինծառայողների հարազատները վրդովված են, որ իրենց որդիներից, հարազատ զինծառայողներից որեւէ լուր չկա»:

«Փաստ» թերթը գրում է. «Այն մասին, որ պատերազմին հաջորդող ժամանակահատվածում բավականին ծանր խնդիրներ ենք ունենալու մեր տնտեսության բոլոր ոլորտներում, ընդգծել են շատերը։ Ոլորտային մասնագետները քանիցս փաստել են, որ առաջիկայում տնտեսական լուրջ խնդիրներ են սպասվում բոլորիս։ Այդ ամենով պայմանավորված՝ խնդրահարույց են դառնալու նաեւ բյուջետային ծախսերն ու համապատասխան միջոցառումների անցկացումը։ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ կառավարությունում վերջին մի քանի օրերին ներքին կարգով որոշում է կայացվել առաջին իսկ հնարավորության դեպքում «աջուձախ» գրավոր նկատողություն տալ գերատեսչությունների աշխատակիցներին, որպեսզի վերջիններս զրկվեն պարգեւավճարներից։ Բանն այն է, որ արդեն իսկ պակասել է պարգեւավճարների ֆոնդը, եւ կառավարությունը փորձում է կիրառել նկատողության «մեխանիզմները» եւ հիմնականում միջին ու հատկապես ստորին օղակների աշխատակիցներին զրկել հասանելիք պարգեւավճարից թե՛ դեկտեմբերի սկզբին, թե՛ Ամանորի շեմին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, ֆոնդի սակավ լինելու պատճառով պարգեւավճարները հազիվ կբավարարեն վերին «էշելոններին»:

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում ընթացող քաղաքական գործընթացները բավականին բուռն զարգացումներ են ունենում, որոնք գործող իշխանությունների համար դարձել են լուրջ գլխացավանք։ Արդեն երկու շաբաթ շարունակ Երեւանում, իսկ վերջին մի քանի օրերին նաեւ մարզերում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնց մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս հանգամանքը, մեր տեղեկություններով, իշխանության մեջ լուրջ մտավախություններ է առաջացրել։ Այս առիթով «Փաստին» որոշ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, մեր աղբյուրի փոխանցմամբ, նախորդ շաբաթ մի քանի նախարարություններում ժողովներ են անցկացրել՝ իրենց աշխատակիցներին հորդորելով ոչ մի դեպքում չմասնակցել Ազատության հրապարակում ընթացող ցույցերին, թեկուզ եւ դրանք անցկացվում են աշխատանքային ժամերից հետո։ Ժողովականներին սպառնալից ասվել է, որ ցույցերը ՀՀ-ում ներկայումս արգելված են՝ պայմանավորված ռազմական դրությամբ, իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, կմասնակցեն, կտուգանվեն 400 հազար դրամի չափով։ Ի դեպ, մեր աղբյուրը փոխանցեց, որ արդեն նախարարությունների մի քանի աշխատակիցներ «բռնվել» են եւ տուգանվել, թեպետ միայն 10 հազար դրամի չափով։ Այսուամենայնիվ, մեր հավաստի տեղեկություններով, պետական գերատեսչություններում Նիկոլ Փաշինյանից, նրա ստորագրած կապիտուլ յացիոն փաստաթղթից դժգոհները եւ ցույցերին ու զանգվածային միջոցառումներին մասնակցել ցանկացողների թիվը բավական մեծ է»:

verelq.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ