Նոյեմբեր 25, 2020 12:02 Asia/Tehran
  • Փաշինյանը ԼՂ բանակցային գործընթացի ամբողջությամբ վերականգնման անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի ամբողջությամբ վերականգնման անհրաժեշտություն է տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը հայտնել է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

«Ամբողջությամբ պետք է վերականգնվի բանակցային գործընթացը: Բայց տվյալ պահին կան ավելի օպերատիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ես նկատի ունեմ գերիների և կալանավորված անձանց ամբողջական փոխանակումը: Կա նաև անհետ կորածների հարցը, զոհվածների մարմինների փոխանակման հարցը: Ես կարծում եմ, որ այս պահին մենք պետք է կենտրոնանանք հենց այս հարցերի վրա»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ իհարկե, զուգահեռաբար որոշակի հաղորդակցություն է ընթանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում:

«Մենք հաղորդակցվում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ես մշտական կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ: Վերջերս հեռախոսազրույց ունեցա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Գիտեք, որ Միացյալ Նահանգներում ընտրական գործընթաց է: Եվ ես հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքային լիարժեք գործընթացը շատ շուտով կվերականգնվի»,- նշել է վարչապետը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում էր ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ