Հունվար 17, 2021 19:46 Asia/Tehran
  • Հայաստանի շահին արվելիք աներևակայելի ռևերանս

Ադրբեջանցիները հրապարակել են հաշվարկ, ըստ որի՝ Հայաստանի տարածքով Նախիջևանից Բաքու երկաթուղի կառուցելու համար կպահանջվի ավելի քան 435 միլիոն դոլար:

Մոսկվայում հունվարի 11-ի Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից հետո ստեղծվել է երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբ, որը պետք է ներկայացնի հաղորդուղիների բացման վերաբերյալ առաջարկներ: Մինչ այդ, ռուսական մամուլը ներկայացնում է քարտեզներ՝ հաղորդուղիների հետ կապված: Միևնույն ժամանակ, Հայաստանում աշխուժորեն քննարկվում է այն, թե ինչպես է, որ գերիների հարցը չլուծված, Երևանը ստորագրել է հաղորդուղիների վերաբերյալ փաստաթուղթ: Դա այն դեպքում, երբ պաշտոնապես անգամ ակնարկվել է, որ չի կարող լինել նոյեմբերի 9-ի համաձայնագրի 9-րդ կետի իրագործում, եթե չի լուծված 8-րդ կետը՝ գերիների և անհետ կորածների որոնման հարցը: Այդ հարցադրումը միանգամայն իրավացի ու կարևոր հարցադրում է: Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ խոսք չկա հաղորդուղիների բացման որոշման մասին: Խոսք կա դրա շուրջ քննարկումներ սկսելու մասին, ինչը ինքնին չի հակասում Հայաստանի շահին ու անվտանգությանը: Հակասությունը կարող է սկսել այն ժամանակ, երբ 9-րդ կետի լուծման հարցում կլինեն կոնկրետ որոշումներ, առանց 8-րդ կետի լիարժեք լուծման:

Հետևաբար, հաղորդուղիների ուղղությամբ պետք է աշխատել, սակայն այդ աշխատանքը ավելի ու ավելի հստակ կապակցելով գերիների խնդրի լուծմանը և առավել ևս չբացել որևէ հաղորդակցություն՝ չունենալով գերիների հարցում Հայաստանին լիարժեք բավարարող որևէ լուծում: Ընդ որում, այդ հարցում պետք է գալ ներհայաստանյան լիարժեք կոնսենսուսի, բոլոր քաղաքական ուժերի մակարդակով, անկախ քաղաքական դիրքավորումներից: Առանցքային նշանակության հարցերում այդպիսի դիրքորոշումը Հայաստանին դարձնում է արտաքին մարտահրավերների հանդեպ առավել կենսունակ, երբ արտաքին խաղացողներին պարզ է դառնում, որ հարցերը հնարավոր չէ խաղարկել ներքաղաքական պայքարի կամ դիմակայության հանգամանքից օգտվելու միջոցով: Ընդ որում, անհրաժեշտ է, որպեսզի հայկական քաղաքական դաշտը որևէ կերպ գտնի այդ կոնսենսուսին գալու հնարավորություն, ինչպես նաև այդպիսի կուռ կոնսենսուս ենթադրող կամ պահանջող մյուս առանցքային հարցերի ցանկը ձևավորելու և դրա շուրջ էլ կոնսենսուսի գալու հնարավորություն: Մեկը կարող է պայքարել մյուսի դեմ, բոլորը կարող են պայքարել իրար դեմ, սուր և կոշտ պայքար կարող է լինել իշխանության դեմ, իշխանության համար, սակայն այդ ամենն անելով հանդերձ, պետք է ձևավորվեն ներկայիս բարդ իրավիճակում նվազագույն ապահովագրական գոտիներ, որոնք Հայաստանի Հանրապետության շահը՝ բնականաբար ներառյալ Արցախը, և Հայաստան-Արցախ անվտանգությունը զերծ կպահեն ներքաղաքական պայքարից բխող որևէ ռիսկից: Դա, անշուշտ, բացարձակ երաշխիք չէ, որ Հայաստանի ու Արցախի համար կարևորագույն հարցերում կդադարեն արտաքին խաղարկումները, և այդ հարցերը օգտագործելով՝ Հայաստանին ինչ-ինչ քաղաքական զիջումների մղելու փորձերը: Դրանք չեն դադարի, պարզապես պետք է բարձրացնել դրանց հանդեպ երկրի դիմադրունակությունն ու նվազեցնել արտաքին միջավայրում այդպիսի հնարավորությունների շրջանակը:

Օրինակ՝ կարելի է անվերջ պնդել վարչապետի հրաժարական և հայտարարել, թե մինչև դա չլինի, Հայաստանը չի կարող պաշտպանել իր շահը: Միևնույն ժամանակ ակնառու է, որ ինքնին այդ հայտարարությունները չեն բերում հրաժարականի, մինչդեռ, եթե խնդիրն ավելի շատ և շուտ Հայաստանի շահն է, քան դրա անվան տակ սեփական քաղաքական շահեր կառուցելը, ապա պետք է վարչապետի պաշտոնանկության և իշխանության համար պայքարին զուգահեռ Հայաստանի շահի ընթացիկ սպասարկման և պաշտպանության համար քայլերը: Դրանցից առանցքայինը կարող է լինել հենց մի քանի հարցերի շուրջ շատ հստակ և սկզբունքային, թեկուզ մեկ սեղանի շուրջ չբարձրաձայնված կոնսենսուսի գալը: Իհարկե, դատելով ներհայաստանյան միջավայրից և քաղաքական դերակատարների մի մեծ մասի վարքագծից, դա թվում է Հայաստանի շահին արվելիք աներևակայելի ռևերանս:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

 

 

 

Պիտակ