Հունվար 22, 2021 12:57 Asia/Tehran
  • Հայաստանն ու Իրանը վերաթարմացնում են համատեղ կինոնախագծերի համաձայնությունը

Համատեղ կինոնախագծեր ստեղծելու, հայ-իրանական մշակութային կապերն ամրապնդելու նպատակով Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշն օրերս վերաթարմացրել են կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրվել էր 2017 թվականին 3 տարով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթղթի վերաստորագրմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադը և այլք։

Երկու կինոկառույցների պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ համագործակցության համաձայնագրի վերաստորագրումը նոր կինոգործընթացների զարգացման  հեռանկարներ  և ուղիներ կստեղծի։

Միրզախանյանի խոսքով՝ փաստաթղթի վերաստորագրումն արդեն ունեցած Իրան-Հայաստան երկարամյա մշակութային համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու հնարավորություն է ընձեռում, իսկ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշն ավելի քան համոզված է, որ այն երկու երկրների կինոոլորտների գործակցության նոր հնարավորությունների սկիզբ է։

Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի գործակցության բազմազան ուղղություններ: Այն կարող է նպաստել  կինոժառանգության պահպանությանը, մանկապատանեկան կինոծրագրերի ստեղծմանը, համատեղ կինոարտադրության զարգացմանը, երկկողմ կրթական ծրագրերի իրականացմանը, հայ-իրանական կինոշուկայի ձևավորմանը, ֆիլմերի տարածմանն ու երկկողմ փառատոների մասնակցությանը։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, կարևորելով մշակույթային կապերի ամրապնդման և զարգացմանը միտված տարատեսակ համատեղ ծրագրերի կազմակերպումը, պայմանավորվել են հանդիպել և Հայաստանի մշակույթի ու արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ համատեղ մշակել մշակութային իրադարձությունների աշխատանքային քարտեզը:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ