Հունվար 27, 2021 17:00 Asia/Tehran
  • Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է. Իրանի ԱԳ  նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծում է, որ Իրանը Հայաստանին համարում է կարևոր հարևան. նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Իրանի սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ՝ վստահություն հայտնելով, որ այդպես էլ շարունակվելու է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ժամանակ:

«Իրանը շատ կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և հարգում է ու հետևում է, որ բոլոր ժողովուրդների կրոնական և այլ իրավունքները միշտ պաշտպանված լինեն: Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որի մասին մենք հստակ արտահայտվել ենք»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը:

Նա ցավակցություն է հայտնել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում մարդկային զոհերի կապակցությամբ՝ շեշտելով, որ պետք  աշխատանքներ տարվեն հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ: «Մենք այն երկիրն ենք, որը պատերազմ է տեսել և ծանոթ ենք այն ցավերին ու տանջանքներին, որ ժողովուրդը կրում է պատերազմի ընթացքում: Իրանը պատրաստ է մարդասիրական ցանկացած աջակցություն ցուցաբերել այդ խնդիրները հարթելու համար»,- ասել է Զարիֆը:

Իրանի ԱԳ նախարարը հավելել է՝  պատրաստակամ են առավել զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ քաղաքական, մշակութային, տնտեսական և անվտանգության ոլորտներում: «Մենք ունենք ընդհանուր մտահոգություններ, այդ թվում՝ ահաբեկիչների ներկայությունը»,- նշել է նա:

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: ԱԳ նախարարների հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով իր գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, մասնավորապես, նշել է. «Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունը և փոխադարձ հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին»։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իրանի ԱԳ նախարարը նշել է՝, որ Իրանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները: «Իրանը և Հայաստանը` որպես երկու հին քաղաքակրթություններ, մշտապես լավ հարաբերություններ են ունեցել՝ հիմնված բարեկամության և բարիդրացիության վրա: Որպես երկու հին քաղաքակրթություններ՝ մենք բազմաթիվ վերելքներ և անկումներ ենք ունեցել, սակայն դրանցից միշտ պատվով ենք դուրս եկել: Մեր պատմությունը շատ ավելի երկար է, քան օրերը, ամիսները, տարիները և նույնիսկ դարերը, և այդ պատմության ընթացքում մենք կանգուն ենք մնացել ու կանք և միշտ եղել ենք բարեկամներ: Մեր սահմանները միշտ եղել են բարեկամության և համագործակցության սահմաններ, և վստահ ենք, որ այդպիսին էլ կշարունակեն մնալ»:

Անդրադառնալով երկկողմ օրակարգի հարցերին՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել առկա քաղաքական երկխոսության բարձր դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով տարբեր մակարդակներում շփումների և փոխայցելությունների առավել ակտիվացման կարևորությունը։ Երկուստեք պատրաստակամություն  է հայտնվել համատեղ ջանքեր գործադրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։ Այս համատեքստում ԱԳ նախարարներն ընդգծել են հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիակատար իրացման և հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության կարևորությունը։

Նախարարներ Այվազյանն ու Զարիֆը հանգամանալից մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Երկուստեք մտահոգություն է հայտնվել տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման առնչությամբ: Տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության տեսակետից նախարար Այվազյանը կարևորեց Իրանի հետ սերտ փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնվեց ընդլայնել երկխոսությունն այս ուղղությամբ:

Իրանի ԱԳ նախարարը իր հայ գործընկերոջը հրավիրել է այցելելու Իրանի Իսլամական Հանրապետություն:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ