Փետրվար 25, 2021 12:51 Asia/Tehran
  • Աշխատանքից ազատել եմ Օնիկ Գասպարյանին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը նշում է` անթույլատրելի է, որ զինված ուժերը, բանակը զբաղվեն քաղաքականությամբ, հանդես գան քաղաքական գնահատականներով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն որոշում է կայացրել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին։ Փաշինյանը այդ մասին հայտնեց Facebook–ի ուղիղ եթերում։

 «Ես թղթերն արդեն իսկ ստորագրել եմ, որից հետո հետևել է ԳՇ–ի հայտարարությունը, որով իմ հրաժարականն են պահանջում»,–ասաց նա։

Վարչապետը հենց հիմա Հանրապետության հրապարակ է հրավիրում բոլոր իր կողմնակիցներին։

Նրա խոսքով` եթե ուզում ենք պատերազմի մասին ողջ ճշմարտությունն իմանալ, չենք կարող պատերազմի մասին նրանց հարցեր չտալ, սակայն մի քանի գեներալների դուր չի գալիս դա։ Սակայն դա, ըստ վարչապետի, անխուսափելի է. պետք է իմանանք մի շարք հարցերի պատասխաններ։

«Պիտի հասկանանք` ինչ կապեր են եղել բարձրաստիճան սպաների և քաղաքական որոշ ուժերի մեջ։ Այնպես չէ, որ այդ հարցերի պատասխանի արդյունքում պետք է անպայման ինչ–որ բաներ տեղի ունենա»,–ասաց նա։

Փաշինյանը բոլոր զինվորներին կոչ է անում շարունակել հայրենիքի պաշտպանության իրենց գործառույթները և որևէ դեպքում զգոնությունը չկորցնել։

Վարչապետը նշում է` անթույլատրելի է, որ զինված ուժերը, բանակը զբաղվեն քաղաքականությամբ, հանդես գան քաղաքական գնահատականներով։

«Հասկանում եմ, որ խոսքը ոչ բոլորի մասին է` նրանց մեծ մասը պարզապես վերադասի հրամանն են կատարել։ Սակայն նրանց վերադասը նաև պաշտպանության նախարարն է, նրանց վերադասն է վարչապետը, և պարտավոր են կատարել այն հրամանները, որոնք տրվում են վերադասի կողմից»,–ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում ԳՇ նոր պետ ու պետի տեղակալ կնշանակի։

Հիշեցնենք` րոպեներ առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։

Հիշեցնենք`երեկ` փետրվարի 24–ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի առաջարկով հրամանագիր ստորագրեց Տիրան Խաչատրյանին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Տիրան Խաչատրյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնում էր նշանակվել 2020 թվականի հունիսի 12-ին:

Հոկտեմբերի 22-ին Ազգային հերոսի կոչման էր արժանացել, ինչպես դրանից 2 օր առաջ հայտարարել էր Փաշինյանը`մարտի դաշտում իր անունը փառքով պսակելու համար։

Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը հաջորդեց «Իսկանդերի» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարարության առնչությամբ ԶԼՄ–ներից մեկին տված նրա մեկնաբանությանը։

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ