Մարտ 02, 2021 19:11 Asia/Tehran
  • Գործարքը կնքվեց

Հայաստանում կնքվում են նոր գործարքներ, որոնք ամբողջացնում են երկրում տիրող իրավիճակը։

Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը համաձայնության են եկել․ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան, սակայն ոչ թե  Գլխավոր շտաբի ղեկավարին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագծի սահմանադրական լինելը ճշտելու, այլ՝ ուրիշ փաստաթղթի։ Դա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը այլևս չի լինի Գլխավոր շտաբի պետ, և բանակի «ապստամբության հարցը» դուրս կգա օրակարգից։

Այս մեխանիզմը կիրառվեց նաեւ անցյալ տարվա ամռանը, երբ փոխվեց Սահմանադրական դատարանի կազմը:

Ի՞նչ է լինելու հետո և ի՞նչ է «ստանում» Արմեն Սարգսյանն այդ գործարքից։

Եթե հետևենք ժամանակագրությանը, որը ներկայացրել է Փաշինյանը երեկվա հանրահավաքի ժամանակ, այս տարի գարնանը կարող են տեղի ունենալ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, իսկ աշնանը՝ սահմանադրական հանրաքվե, որը կարող է վերադարձնել Հայաստանում կիսանախագահական իշխանության մոդելը։

Հատկանշանական է, որ ընտրությունները տեղի կունենան հանրաքվեից առաջ, այլ ոչ թե հետո, այսինքն, Արմեն Սարգսյանը կշարունակի նախագահել ընտրություններից հետո։ Արդյոք Փաշինյանը խոստացել է նոր Սահմանադրության մեջ ներառել «անցումային դրույթ», ըստ որի Արմեն Սարգսյանը կկարողանա մնալ նախագահի պաշտոնին մինչև 2025 թվականին իր նախագահության ժամկետի ավարտը։ Սա է գուցե «բոնուսը», եւ գուցե նաեւ՝ իր հռչակած «չորրորդ հանրապետության հիմնադիր հոր» խոստումը։

Իշխանության պահպանման այս տգեղ ու պարզունակ մետամորֆոզները նման են խրախճանքի ժանտախտի ժամանակ։ Հայաստանի ներկայիս ներքին գործընթացները չեն բխում երկրի իրական խնդիրներից, դրանք նույնիսկ մունիցիպալ մակարդակի արդեն չեն ձգում։

Երևանի կենտրոնում ծվարած «քաղաքական գործիչները» Հայաստանը հանձնել են ծվատման։ Արդյոք հանրահավաքին ներողություն խնդրած Փաշինյանը կարծում է, թե  ամեն ինչ ճիշտ է արել։ Եթե պարտությունից հետո նա հրաժարական չի տվել, եթե պատրաստվում է նոր ընտրությունների, արդյոք դա նշանակում է, որ ամեն ինչ գնացել է «ըստ պլանի»։ Արդյոք լուծվել  է խնդիրը՝ Հայաստանը հանձնել է բանակը։ Եվ Արմեն Սարգսյանը համաձա՞յն է։

Այսօր որոշ պատգամավորներ փորձել են խորհրդարանի օրակարգ մտցնել հարցեր, որոնք վերաբերում են ազգային մարտահրավերներին։ Բայց ո՞վ է մտածում մարտահրավերների մասին։ Այժմ ամենակարևոր խնդիրը «ապահովագրվելն է»։ Պետք է պայմանավորվել, բաժանել բոլոր տեղերը, որպեսզի մարդիկ հանկարծ չքվեարկեն իրենց իրավունքների և շահերի օգտին։

Եվրամիության ղեկավար Ժան Միշելը ժամանել էր Թբիլիսի, որտեղ նույն սեղանի շուրջ է հավաքել իշխանությանն ու ընդդիմությանը։ Նա չայցելեց Հայաստան, չնայած որ ուժի մեջ է մտել ԵՄ-Հայաստան համաձայնագիրը։ Հայաստանում չկան մարդիկ, ում կարելի է նստեցնել բանակցության սեղանին, այստեղ յուրովի են բոլորն իրար մեջ պայմանավորվում։ Եվ միջնորդներն էլ այլ են:

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ