Մարտ 03, 2021 19:36 Asia/Tehran
  • Հայաստանում կգործի Բիզնեսի բարեվարքության ակումբ

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ձևավորել է Բիզնեսի բարեվարքության ակումբ (Ակումբ), որը գործարար բարեվարքության և հակակոռուպցիոն համապատասխանության խթանմանը միտված առաջին գործարար հավաքական նախաձեռնությունն է Հայաստանում:

Բարեվարքության հավաքական գործողությունները գործուն միջոց են գործարարների համատեղ և համակարգված ջանքերով առողջացնելու ու բարելավելու գործարար միջավայրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ակումբը ձևավորվել է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) դրամաշնորհով իրականացվող «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում և հայաստանյան գործարար համայնքի ներկայացուցիչներին միավորում է կորպորատիվ կառավարմանն առնչվող խնդիրների շուրջ:

Հաշվի առնելով, որ կորպորատիվ կառավարման պատշաճ համակարգը նպաստում է թափանցիկության, վստահության, բարեվարքության և հաշվետվողականության միջավայրի ձևավորմանը, աջակցում տնտեսություն երկարաժամկետ, համբերատար ու կառուցողական ներդրումների ներգրավմանը, նպաստում է գործարար հատվածի կենսունակությանը և խթանում տնտեսական աճը՝ դրան առնչվող հիմնահարցերն այսօր, ավելի քան երբևէ Հայաստանում ունեն արդիական նշանակություն: Ակումբին անդամակցելը գործարար համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն կտա իրենց ներդրումն ունենալ Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրի բարելավման հարցում, ինչպես նաև առաջարկել կորպորատիվ կառավարմանն առնչվող խնդիրների լուծումներ։ Գործարար համայնքի մասնակից-ներկայացուցիչները հնարավորություն կունենան շփվելու միջազգային փորձագետների և պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ։ Նրանք կստանան մասնագիտական աջակցություն բարելավելու սեփական կառավարման համակարգը և նպաստելու, որ լավ կառավարման գործելաոճը դառնա Հայաստանում գործարարությամբ զբաղվելու «խաղի կանոն»: Ակումբի հարթակը բաց է ցանկացած կազմակերպության համար, որը խոսքով և գործով հարգում է բարեվարքության ստանդարտներն ու պատրաստ է դառնալ դրանց ջատագովը: Ակումբի բոլոր հնարավոր մասնակիցները` մինչ դրան միանալը, պետք է ստորագրեն Հակակոռուպցիոն հռչակագիր, որին ներկայումս միացել են ավելի քան 50 ընկերություններ` հավաստելով, որ այն Հայաստանում բիզնեսի բարեվարքության խթանմանը միտված իրենց գործունեության կարևոր բաղադրիչն է: Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը պատրաստ է այս նախաձեռնությունում ներդնել իր մասնագիտական կարողություններն ու ներուժը, գործարար կապերն ու հնարավորությունները, ինչպես նաև համակարգել նախաձեռնության գործունեությունը:

Ակումբին միանալու համար պետք է կապ հաստատել Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի հետ` զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով` +374 99 444442 կամ գրելով էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներին` [email protected]:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ