Մարտ 07, 2021 19:48 Asia/Tehran
  • Հայաստանը կարող է հանդես գալ շահողի դերում. Ոսկանյանը` Իրանի ԵԱՏՄ–ին անդամակցելու մասին

Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵԱՏՄ–ին Իրանի անդամակցելու հեռանկարին և դրանով պայմանավորված հայ–իրանական հարաբերություններին։

Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` ԵԱՏՄ–ին անդամակցելու հայտարարություններն Իրանում արվել են ամենաբարձր մակարդակով, քաղաքական այնպիսի գործիչների կողմից, որոնք ներկայացնում են թե՛ իրանական քաղաքական դաշտի պահպանողական հատվածը, թե՛ բարեփոխականների թևը։ Առաջինում խորհրդարանի նախագահն է, երկրորդում` երկրի նախագահը, ինչը վկայում է, որ ԵԱՏՄ–ին անդամագրվելու ձգտումը բավականին լուրջ է։

«Այդ հարցը կլուծի Իրանի առջև ծառացած մի շարք մարտահրավերներ, հատկապես տնտեսական բնույթի, քանի որ ամերիկյան պատժամիջոցները զգալիորեն ազդել են իրանական տնտեսության վրա։ Իրանցիները ձգտում են ավելի լայն ներգրավվածության ձևաչափերում ստանալ այն, ինչը կորցրել են պատժամիջոցների հետևանքով»,– նշեց իրանագետը։

Ոսկանյանի գնահատմամբ` թեև ԵԱՏՄ–ն բացառապես տնտեսական կառույց է, սակայն դիտարկվում է նաև որպես աշխարհաքաղաքական համագործակցության կարևոր հարթակ։ Հետևաբար փորձելով խորացնել հարաբերությունները ԵԱՏՄ–ի հետ նաև անդամակցության ձևաչափով` Իրանը որոշակիորեն ապահովում է իր աշխարհաքաղաքական անվտանգության բաղադրիչների գոնե մի հատվածը։

«Հայաստանն այդ պարագայում կարող է հանդես գալ շահողի դերում, քանզի կարող է նույնպես լուծել իր առջև ծառացած մարտահրավերները։ Նախապես նշվում էր, որ Հայաստանը կարող է դառնալ այն հարթակը, որն Իրանին կկապի ԵԱՏՄ–ի հետ։ Հիմա Իրանի անդամակցությունը կբերի նրան, որ իրանցիներն ուղղակիորեն կառանչվեն կառույցի անդամ պետությունների հետ»,– նշեց Ոսկանյանը։

Նրա կարծիքով` հայկական կողմը պետք է ձգտի ստեղծել այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում իրանական բիզնեսի համար ավելի ձեռնտու կլինի Հայաստանի միջնորդությամբ աշխատել Ռուսաստանի հետ և հակառակը։ Պետք է  հաշվի առնել, որ հայերը ծանոթ են ռուսական շուկայի առանձնահատկություններին և Իրանի հետ կունենան փաստացի ցամաքային սահման նաև ԵԱՏՄ–ի շրջանակներում, հետևաբար, ըստ իրանագետի, ստեղծված հնարավորությունների իրացումը կախված է նաև հայկական կողմի ջանքերից։     

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ