Ապրիլ 15, 2021 20:30 Asia/Tehran
  • ՌԴ–ում հայ–ռուսական զորավարժություններ կանցկացվեն. Հարությունյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Վաղարշակ Հարությունյանը հանդիպման ընթացքում կրկին անդրադարձել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց Հայաստան վերադարձնելու հարցի կարևորությանը:

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերակատարումն ու ջանքերը՝  ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը:

Բարձր  գնահատելով  Արցախում  իրականացվող  ՌԴ խաղաղապահ  առաքելության  ընթացքն ու արդյունավետությունը,   Վաղարշակ  Հարությունյանը  կրկին  անդրադարձել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց Հայաստան վերադարձնելու հարցի կարևորությանը և խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությանը:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ ռազմական համագործակցությանը, ՌԴ տարածքում կայանալիք համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ