Հունիս 14, 2021 20:33 Asia/Tehran
  • Փաշինյանը կատարյալ անհեթեթություն անվանեց ականապատ դաշտերի քարտեզները ՌԴ-ից թաքցնելու մասին լուրերը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հունիսի 14-ին Արարատի մարզում քարոզարշավը եզրափակեց Արտաշատում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ հանդիպմանը շնորհակալություն հայտնեց իրենց աջակցելու համար:

 Նա վստահություն հայտնեց, որ քաղաքացիները հունիսի 20-ին հաստատելու են սեփական իշխանությունը: Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով  օրեր առաջ հայ ռազմագերիների վերադարձին Հայաստան, նշեց, որ նրանցից մի քանիսը Արարատի մարզից են:

Նրա խոսքով, նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո տասնյակից ավելի հեռախոսային խոսակցություններ է ունեցել ՌԴ նախագահի հետ: Նա նշեց, որ այս տարի երկու անգամ դեմ առ դեմ հանդիպում է եղել ՌԴ նախագահի հետ, և քննարկումների առանցքային հարցը  գերիների վերադարձն էր: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Վլադիմիր Պուտինն անձամբ է այս հարցով զբաղվել:

Անդրադառնալով ականապատ քարտեզների հարցի շահարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այնպես չէ, որ ունեցած բոլոր քարտեզները վերադարձրել են: Տրվել է մի փոքր մասը՝ գերիների վերադարձին ի պատասխան: Նա ընդգծեց, որ խոսքը չի գնում այն հատվածի քարտեզների մասին, որոնք բաժանում են Հայաստանին ու Ադրբեջանին: Խոսքն այն տարածքների մասին է, որոնք ցավալի իրադարձություններով պայմանավորված գտնվում են ադրբեջանցիների թիկունքում:

«Մենք այսօր կարող ենք արձանագրել, որ գերիների վերադարձի գործընթացը վերսկսվել է:  Այսօր Ադրբեջանում դատական գործընթացներ են տեղի ունենում, չեմ բացառում, որ մեր գերիները դատապարտվեն, բայց ես ուզում եմ ձեզ բերել Կարեն Ղազարյանի օրինակը, ով դատապարտվեց, սակայն այսօր նա Բերդավանի իրենց տանն է: Այնպես, որ մենք մեր ճանապարհից որևէ կերպ չպետք է շեղվենք»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արտաշատում անցկացրած հանդիպումը եզրափակվեց երթով: 

/araratnews.am

Պիտակ