Հունիս 23, 2021 17:53 Asia/Tehran
  •  Սա խաղաղության համաձայնագիր չէ, հրադադարի մասին հայտարարություն է. Սարգսյանը` Արցախի մասին

El Pais–ին տված հարցազրույցում ՀՀ նախագահը խոսել է նաև Ռուսաստանի և ԵՄ–ի հետ հարաբերությունների ու աշխարհում Հայաստանի դերի մասին։

Սա խաղաղության համաձայնագիր չէ, հրադադարի մասին հայտարարություն է, որում կա երրորդ կողմ ՝ Ռուսաստանը, որն այդ հրադադարի երաշխավորն է: El Pais իսպանական պարբերականին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսպես է պատասխանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարո՞ղ է վերսկսվել հարցին։

«Ռուսաստանի դերն այստեղ շատ կարևոր է: Ռուս խաղաղապահներն այնտեղ (Լեռնային Ղարաբաղում) կլինեն առնվազն հինգ տարի։ Եթե Ռուսաստանն այնտեղ չլինի, ապա իրավիճակը բոլորովին այլ կլինի: Կա՞ մեկը, ով կարող է ինձ երաշխիք տալ, որ Ադրբեջանը` Թուրքիայի հետ միասին, չի համարձակվի մուտք գործել այդ տարած:»,–հավելել է նա:

ՀՀ նախագահը չի բացառել, որ միգուցե ետնաբեմում ներգրավված է Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, և որը Հայաստանի դեմ օգտագործում էր ՆԱՏՕ-ի զենքերը:

Անդրադառնալով ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին հարցին` Արմեն Սարգսյանը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի այս երկրորդ պատերազմի ընթացքում Եվրոպական միության ձայնը լսելի չհնչեց:

«Սակայն այստեղ խոսքը ավելի շատ մեր մասին է. մենք պետք է սովորենք ավելի ակտիվ լինել այն միության շրջանակում, որտեղ արդեն իսկ գտնվում ենք: Դա Եվրասիական տնտեսական միությունն է: Ապա պետք է կառուցենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, քանի որ մենք հատուկ հարաբերությունների և հատուկ համաձայնագրերի մաս ենք կազմում, և դա բավականին խոր կապ է: Բայց համաձայնագրերը համաձայնագրեր են: Եթե դրանք կյանքի չեն կոչվում, ապա ոչ մի արժեք չունեն»,–ասել է նախագահը:

Նա նշել է, որ առաջնահերթ մենք պետք է կայունացնենք իրավիճակը Հայաստանում և կենտրոնանանք բազմաթիվ ներքին խնդիրների լուծման վրա:

Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս` ՀՀ նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանի հետ ունենք երկար, շատ սերտ, պատմական հարաբերություններ:

«Երկար տարիներ Ռուսաստանը մեր բարեկամն է, և մյուսները դա հասկանում են: Մենք Ռուսաստանի հետ ունեցել ենք խոր ու ամուր հարաբերություններ և կշարունակենք ունենալ, բայց դրանում ոչ մի հակասություն չկա, քանի որ Հայաստանը լավ և խոր հարաբերություններ ունի նաև ԵՄ-ի հետ»,–ասել է նա:

Արմեն Սարգսյանը նշել է, որ մենք կարող ենք անել ավելին մեր հարաբերություններում՝ ոչ միայն Ռուսաստանի հետ: Մենք կարող ենք և պետք է անենք ավելին նաև Եվրոպայի հետ: Հատկապես Հայաստանի պարագայում, որը փոքր երկիր է, բայց համաշխարհային ազգ, միլիոնավոր հայրենակիցներ ունի Սփյուռքում, պետք է ավելի ակտիվ աշխատի: Հենց այս խորհուրդն է ՀՀ նախագահը տվել հաջորդ կառավարությանը՝ լինել ավելի ակտիվ և լսել բարեկամներին՝ նրանց հետ ավելի արդյունավետ աշխատելու նպատակով: Նա նշել է, որ  Լեռնային Ղարաբաղի այս պատերազմի ժամանակ Հայաստանին ուղղված միջազգային աջակցությունը նվազել էր՝ համեմատած 1990-ականների սկզբին տեղի ունեցած ղարաբաղյան առաջին պատերազմի հետ, որտեղ հայկական բանակը հաղթանակ տարավ:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ