Հուլիս 30, 2021 13:11 Asia/Tehran
  •   Հայաստանի տարածքով Եվրոպայից Իրան և Թբիլիսիի հետ կապված ծրագրեր. ուրիշ ի՞նչ սպասել ՀԿԵ–ից

Հանքավայրերից փոխադրումների, hանրապետություն հացահատիկի մատակարարման նոր արտոնությունների, նոր ուղևորատար գնացքների մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:

Սոթք և Զանգեզուր

-Սոթքի ոսկու հանքավայրում բոլոր դժվարություններով հանդերձ, 2020 թվականին երկաթուղով ներքին փոխադրումներն ավելացել են։ Կկարողանա՞ք արդյոք նրանց և մյուս փոխադրողների հետ նախկին ծավալով աշխատել նաև 2021թ-ին։

-Այո, 2020 թ․-ին մենք Սոթքից ռեկորդային ծավալի հանքանյութ ենք տեղափոխել Արարատի ոսկու հարստացման ֆաբրիկա։ Հուսով ենք, որ ընթացիկ տարում ոչ պակաս ծավալներ կունենանք։ Բեռների այլ կատեգորիաների հետ կապված՝ տարվա առաջին կեսին դժվարություններ են եղել նավթամթերք ներկրողների մոտ, սակայն հունիսին նրանց փոխադրումները վերադարձան պլանային մակարդակի։ Բացի այդ, վրացական երկաթուղու հետ համատեղ, հունիսից մենք սկսել ենք զեղչեր առաջարկել հացահատիկի բոլոր տեսակների փոխադրման համար։ Նախկինում զեղչեր են կիրառվել սորուն բեռների որոշ տեսակների համար, իսկ հիմա՝ բոլոր տեսակի հացահատիկների․ դա վերաբերում է ինչպես պարենային ցորենին, այնպես էլ անասնակերի հացահատիկին։

Ինչ վերաբերում է պղնձի խտանյութին, ապա համաշխարհային շուկան աշխույժ է, գներն աճում են, ուստի մենք չենք բացառում, որ մեր գործընկերները կավելացնեն փոխադրման պատվերները:

-Տեղեկություններ են տարածվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վարչական խոչընդոտների պատճառով չի կարող խտանյութ արտահանել: Հիմա նրանց բեռները տեղափոխո՞ւմ եք։

-Կարճ ժամանակով մաքսային ձևակերպումների հետ կապված հարցեր էին ծագել, որոնք հիմա լուծվել են։ Նման ընթացիկ հարցեր կարող են առաջանալ ցանկացած երկրում։ Մեր կողմից մենք պահել էինք գնացքները, շարունակում էինք բեռնումը, և հենց որ բոլոր հարցերը լուծվեցին, շարունակեցինք փոխադրումը։ Այսօրվա դրությամբ որևէ խնդիր չկա. խտանյութի բեռնումն ու փոխադրումը կատարվում են սովորական ռեժիմով:

Միջազգային հաղորդակցություն

-Վերջին ամիսներին Ռուսական երկաթուղիների մասնագետները Նախիջևանի ուղղությամբ երկաթգծերի ուսումնասիրություն անցկացրին։ Տեխնիկական քննարկումներ վարո՞ւմ եք արդյոք տարածաշրջանային հաղորդակցության բացման պատրաստության մասին։

–Մեր ընկերությունը չի մասնակցում այս հարցի քննարկմանը: Ռուս գործընկերները զուտ տեխնիկական տեսանկյունից գնահատել են ճանապարհների պատրաստության աստիճանը, բայց եթե խոսենք ինչ-որ կապիտալ աշխատանքների մասին, ապա նման քննարկումներ չկան, կամ գոնե մեզ դրանցում չեն ներգրավել։

-Հայաստանի կառավարությունը բանակցություններ էր վարում նոր լաստանավերի գնման շուրջ, որոնք կաշխատեն «Փոթի» և «Կովկաս» նավահանգիստների միջև: Դուք ներգրավվա՞ծ եք այդ բանակցություններում։

-Հայաստանի կառավարությունը, մասնավորապես՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, շատ բան է արել երկրի տրանսպորտային հնարավորությունները մեծացնելու համար։ Վստահ եմ, որ անհրաժեշտ փուլում նրանք մեզ կներգրավեն այդ գործընթացում։ «Փոթի»-«Կովկաս» գծի վրա գործող լաստանավն առայժմ հիմնականում տեղափոխում է մեր վագոնները, ինչպես նաև խոշոր չափի բեռներ այլ ձեռնարկությունների համար:

- Լրամշակվե՞լ է արդյոք Հայաստանի տարածքով Արևմտյան Եվրոպայից Իրան մուլտիմոդալ փոխադրումների նախագիծը, որի շրջանակում մի քանի տարի առաջ ՀԿԵ-ն երկու փորձնական կոնտեյներ էր գործարկել:

-Երկու ամիս առաջ հանդիպել եմ Իրանի երկաթուղիների նախագահի հետ, որը Հայաստան էր եկել ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ։ Անշուշտ, դեռ մի քանի տարի առաջ Դույսբուրգից Թեհրան փորձնական փոխադրում կատարելով՝ մենք մեր գործընկերներին ցույց տվեցինք, որ կոնտեյները կարելի է տեղափոխել՝ փոխելով տրանսպորտի տեսակները և ծովային փոխադրումներին ժամանակի առումով չզիջելով։

Ժամկետների հարցում մենք նույնիսկ շահում ենք, և դրա շնորհիվ կոնտեյներային փոխադրումների աճ ենք արձանագրում։ Օգոստոսի 4-ին Հայաստան կժամանի իրանական խոշոր բիզնես ներկայացուցիչը՝ համագործակցության հնարավոր տարբերակները քննարկելու։

Ավելացնեմ, որ մինչև 2024 թ․-ը ներառյալ, մենք ուզում ենք 300 վագոն գնել, որն ավելի կհզորացնի մեր փոխադրման ծավալները։

 

Ուղևորափոխադրումներ

-Հաշվի առնելով վերջին օրերի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, արդյո՞ք ՀԿԵ-ի գնացքները սովորական ռեժիմով ուղղվում են դեպի Արմաշ և Երասխ կայարաններ։

- Մենք աշխատում ենք բնականոն ռեժիմով, շարունակում են գործել թե՛ Երասխ գնացող էլեկտրագնացքը, թե՛ Արմաշ գնացող բեռնավագոնները։ Որևէ ուղղությամբ երկաթուղու աշխատանքի խափանում չի եղել։

-Արդեն Հայաստան եք հասցրել նոր ուղևորատար վագոնները, այժմ էլ նոր էլեկտրագնացքներ եք գնում։ Դրանք իրենց արդարացնո՞ւմ են։

-Այս տարի մեր ներդրումային ծրագիրը կազմում է մոտ 17 միլիարդ դրամ, որից ենթակառուցվածքի համար նախատեսվում է մոտ 3 մլրդ։ Մնացած 14 միլիարդը կուղղվի շարժակազմին։

Հիշեցնեմ, որ նոր վագոններն արդեն աշխատում են Երևանի և Բաթումի միջև՝ «Արմենիա» միջազգային գնացքի կազմում։ Ի դեպ, օրերս դրան ֆիրմային գնացքի հավաստագիր է շնորհվել․  նման գնահատական են տվել ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինության մեր գործընկերները։

Այժմ միջազգային մասնագիտական տվյալների բազաներում այն պաշտոնապես նշվում է «Արմենիա» անվամբ։ Մենք նրա համար ամենաժամանակակից շարժակազմ ենք գնել։ Ռուսաստանում նման տիպի վագոններ սկսել են արտադրվել անցյալ տարվա վերջին։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մեր գնացքը հպարտությամբ իր վրա կրում է Հայաստանի Հանրապետության զինանշանն ու դրոշը։ Ես երբեմն անձամբ եմ դիմավորում «Արմենիա» գնացքի հյուրերին Երևանի կայարանում, հետաքրքրվում եմ նրանց կարծիքներով։ Արձագանքներն ու զգացմունքները շատ  դրական են, այդ թվում՝ օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։

Այժմ ամեն օր 4 վագոնանոց գնացք է երթևեկում Երևանի և Բաթումի միջև։ Օգոստոսին, պահանջարկի ավելացմանը զուգահեռ, նախատեսում ենք լրացուցիչ վագոններ ավելացնել։

Ի դեպ, այդ գնացքում և նոր էլեկտրագնացքներում օդի ախտահանման ժամանակակից համակարգ է գործում (ինչը, համաձայնեք, համավարակի պայմաններում առավել քան կարևոր է)։

Ավելացնեմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը, մեզ ընդառաջ գնալով, մեր աշխատակիցների պատվաստման համար դեղանյութի խմբաքանակ է տրամադրել, իսկ ճանապարհին մենք ուղևորներին կոչ ենք անում խստորեն հետևել կարանտինային կանոններին։

Առիթից օգտվելով հիշեցնեմ նաև, որ մենք շարունակում ենք անվճար տեղափոխել բուժաշխատողներին, որոնք ճամփորդում են աշխատանքային ուղեգրով։

-Մոտ ժամանակներս նախատեսում եք երկու նոր էլեկտրագնացք հասցնել Հայաստան։ Ո՞ր ուղղություններով եք պատրաստվում օգտագործել դրանք։

-Այժմ «Կովկաս» նավահանգստում երկու նոր ЭП2Д էլեկտրագնացք են բեռնվում լաստանավ, մի քանի օր անց դրանք արդեն մեր տրամադրության տակ կլինեն։ Վրացի գործընկերների հետ միասին քննարկում ենք Երևանից Թբիլիսի էլեկտրագնացքի գործարկումը։ Այդպիսի գնացքով Հայաստանի և Վրաստանի բնակիչները միմյանց հյուր կգային, ասենք, հանգստյան օրերին։ Կարծում եմ՝ այստեղ մենք ավտոտրանսպորտի հետ մրցակցելու բոլոր հնարավորություններն ունենք թե՛ գնի, թե՛ արագության, թե՛ հարմարավետության առումով։

-Գյումրու օդանավակայանում կապիտալ վերանորոգում է սկսվում, դրա թողունակությունը կընդլայնվի։ Կկարողանա՞ արդյոք զբոսաշրջիկը, Գյումրու ինքնաթիռի տոմս գնելով, անմիջապես նաև դեպի Երևան մեկնող գնացքի տոմս գնել իր համար հարմար ժամանակ։

Մենք պատրաստ ենք օդանավակայանի հետ քննարկել չվերթերի հատման տարբերակները, որոնք առավելագույնս հարմար կլինեին ուղևորների համար։ Քննարկումներ ենք անում նաև Գյումրու քաղաքապետարանի և մարզպետարանի հետ։ Քաղաքային կայարանն ուզում ենք տրանսպորտային հանգույցի վերածել՝ ուղևորների հարմարավետության համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով։

-Այս տարի ի՞նչ աշխատանքներ եք նախատեսում անցկացնել երկաթուղային ճանապարհներին։

Այս տարի ճանապարհի տարբեր հատվածներում ավելի քան 22 հազար կոճ կփոխենք։ Փայտակոճերը մենք արտերկրից ենք ձեռք բերում, իսկ երկաթբետոնե կոճերը մեզ համար արտադրում է Վանաձորում գործող տեղական ձեռնարկությունը։ Նրանց կոճերը բոլոր փորձարկումներն անցել են Ռուսական երկաթուղիների փորձարանում՝ Մոսկվայի մերձակայքում, միջազգային ստանդարտներին համապատասխան հավաստագիր են ստացել, և մենք համոզված ենք, որ կծառայեն մի քանի տասնյակ տարի։ Միաժամանակ մենք ուրախ ենք, որ մեր պատվերներով օգնում ենք Հայաստանում աշխատատեղեր ստեղծելուն։

Բացի այդ, այս տարի մենք 4 անգամ ավելացրել ենք ներդրումները էլեկտրամատակարարման տնտեսությունում, շարունակում ենք թարմացնել ավտոմատիկան և ճանապարհների տելեմեխանիկան։

-Առջևում Երկաթուղայինի օրն է, ինչպե՞ս եք պատրաստվում նշել այն։

Այս տարի Գյումրիում կնշենք։ Այդ քաղաքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի երկաթուղիների պատմության մեջ։ Առաջին գնացքը Ալեքսանդրապոլի կայարան (այն ժամանակ այդպես էր կոչվում Գյումրին) ժամանել է դեռ 19-րդ դարի վերջին` երեք տարի ավելի շուտ, քան Երևան։ Գյումրիում հատուկ վերաբերմունք կա երկաթուղու աշխատակիցների հանդեպ, քիչ չեն մասնագիտական տոհմերը։ Երկաթգծի յուրաքանչյուր աշխատակից գիտի գյումրեցի Համբարձում Ղանդիլյանի անունը, որը բարդ ժամանակներում ղեկավարել է հանրապետության երկաթուղին և, ըստ էության, պահպանել է այն։ Հայ երկաթուղայինները միշտ հայտնի են եղել ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս։ Աշխատելով Հայաստանում՝ ես ամեն օր նրանց պրոֆեսիոնալիզմի հարցում համոզվելու հնարավորություն եմ ունենում։

Ամփոփելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկաթուղու բոլոր աշխատակիցներին և վետերաններին արժանապատիվ աշխատանքի համար և ամենայն բարիք մաղթել նրանց։

armeniasputnik.am

 

Պիտակ