Հուլիս 30, 2021 21:21 Asia/Tehran
  •  Թբիլիսի կարող ենք հասնել 2-3 ժամվա ընթացքում. Քերոբյանը Տուրնավայի հետ է հարցը քննարկել

Երկու երկրների էկոնոմիկայի նախարարները քննարկել են արագընթաց գնացքների գործարկման հարցը։

Հայաստանի և Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարները քննարկել են արագընթաց գնացքի գործարկման հնարավորությունը, որը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Նա գրառում է արել Facebook–ում` նշելով, որ դրա գործարկման արդյունքում կզարգանա զբոսաշրջությունը։

Քերոբյանը Վրաստան կատարած այցիս շրջանակում հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթելա Տուրնավայի հետ։

«Մեր երկրներն առանձին համեմատաբար փոքր շուկաներ ունեն, բայց միասին շատ ավելի գրավիչ կարող են դառնալ տարածաշրջանում։ Այս համատեքստում քննարկել ենք մի շարք համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, զբոսաշրջության, երկաթուղու և էներգետիկայի ոլորտներում»,–գրել է պաշտոնյան։

Այցի շրջանակում Քերոբյանն այսօր հանդիպել է նաև փոխվարչապետ-բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի և Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի հետ։ Վրացի գործընկերների հետ քննարկել են տարածաշրջանային համագործակցության, Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները։

Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ էկոնոմիկայի նախարարությունը մի շարք խոշոր նախագծեր է նախաձեռնել, որոնք կարող են կյանքի կոչվել մոտակա ժամանակում։ Դրանցից մեկը Երևան-Թբիլիսի գնացքի արագության ավելացումն է, որը, բնականաբար, ավելի մեծ տնտեսական էֆեկտ կապահովի երկու երկրների համար։

armeniasputnik.am

 

 

 

Պիտակ