Սեպտեմբեր 09, 2021 13:54 Asia/Tehran
  • Ամենօրյա չվերթեր` Մոսկվա և Թբիլիսի. «Արմենիան» այլ նորություններ էլ ունի

Ավիաընկերության փոխտնօրենը ներկայացրեց այս տարի իրականացրած չվերթերի և ուղևորների քանակը` փաստելով, որ ուղևորահոսքերի ակտիվացման, վերականգնման միտում կա։

«Արմենիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ից ամենօրյա գրաֆիկով իրականացնելու է Երևան-Մոսկվա-Երևան և Երևան–Թբիլիսի-Երևան չվերթերը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն, կոմերցիոն գծով տնօրեն Գևորգ Խաչատրյանը` ներկայացնելով ընկերության նորությունները։

«Այս երկուսն էլ համակցված չվերթեր են, քանի որ Վրաստանի օդանավերի համար Ռուսաստանի «օդը փակ է», և ուղիղ չվերթներով ՌԴ մեկնել չեն կարող։ Երկու երկրների համար էլ մենք հնարավորություն ենք տվել Երևանը դարձնել տարանցիկ կետ։ Մենք նմանատիպ չվերթեր արդեն իսկ իրականացրել ենք Ուզբեկստանի, Տաջիկստանի քաղաքացիների համար»,–ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` տարանցիկ չվերթները ևս մեկ հնարավորություն եբ, որ նոր եկամուտներ ապահովվեն ՀՀ-ի համար։

Խաչատրյանը նշեց, որ ընկերության համար նորություն է «Շերեմետևո» օդանավակայան կանոնավոր չվերթեր ունենալը, քանի որ 6 տարի միայն «Վնուկովո» են վայրէջք կատարել։ Ամանորի մոտ ավիաընկերությունը կունենա չվերթներ դեպի Եկատիրինբուրգ, Սոչի, Ռոստով, Նովոսիբիրսկ։ Բացի այդ, Ամանորի սեզոնին` դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 13-ը, կլինեն ամենօրյա չվերթեր դեպի Հուրգադա, Շարմ Էլ Շեյխ, Մարսա Էլ Ամալ։

Խաչատրյանը հայտնեց նաև, որ 2021-ի փետրվարից մինչև այս պահը «Արմենիա» ավիաընկերությունն իրականացրել է 1610 չվերթ և 155 000 ուղևոր է տեղափոխել։ Իսկ ողջ 2020-ի ընթացքում 75 000 ուղևոր են տեղափոխել, ինչն իր ծավալով նույնն է, ինչ 2017-18 թվականներին։ Այս ցուցանիշները, ըստ Խաչատրյանի, փաստում  են այն մասին, որ ուղևորահոսքերի ակտիվացման, վերականգնման միտում կա։

 Ի դեպ, «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ 300 000-350 000 ուղևոր ունենալ։

armeniasputnik.am

 

Պիտակ