Սեպտեմբեր 16, 2021 18:35 Asia/Tehran
  •  Հայաստան, Ռուսաստան, Իրան, Բելառուս, Հնդկաստան․ «Armenia Expo 2021»-ը մեկ հարկի տակ է հավաքել մոտ 200 կազմակերպություն

«Armenia Expo 2021» 20-րդ միջազգային ունիվերսալ արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը մեկ հարկի տակ է հավաքել տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող մոտ 200 կազմակերպություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի ավելի է ընդլայնվել մասնակիցների աշխարհագրությունը, և ներկա էին ընկերություններ 7 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Բելառուսից, Հնդկաստանից, Իտալիայից, Կոլումբիայից։«Armenia Expo 2021»-ն կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն ու Logos Expo Center ցուցահանդեսային ընկերությունը։ Այն մեկնարկել է սեպտեմբերի 16-ին և տևելու մինչև 18-ը։

Արդյունաբերողների և գործարարների միության  փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը նշեց, որ հայկական շուրջ 80 կազմակերպություն իր արտադրանքն է ներկայացնում ցուցահանդեսին։

«Ուրախ կլինեմ, որ նման առիթներ ավելի շատ ստեղծվեն, և մեր արտադրողների ու մեզ հետ համագործակցող երկրների արտադրանքը ներկայացնելով, նպաստենք մեր երկրի զարգացմանը։ Վստահ եմ, որ կկարողանանք հասնել նորանոր հաջողությունների»,- նշեց Կարամանուկյանը։

ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկն էլ ողջունեց բոլոր ներկաներին և ընդգծեց, որ նման միջոցառումներն անգին են, քանի որ դրանք իրականացվում են մարդկության համար դժվարին ժամանակներում։

«Բավական շատ ձեռներեցներ են ժամանել Հայաստան՝ մասնակցելու այս ցուցահանդեսին։ Բելառուսից 11 կազմակերպություն է ներկայացված այստեղ։ Համոզված եմ, որ նման միջոցառումները, որ իրականացվում են, նպաստում են ոչ միայն ընդունող երկրի, այլև մասնակիցների զարգացմանը»,- ասաց Կոնյուկը։

ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը նշեց, որ վերջին երկու տարում տնտեսական ոլորտին առնչվող նման մեծամասշտաբ միջոցառում Հայաստանում չէր եղել։

«Այստեղ ներկայացված բոլոր ընկերություններն այսօր հնարավորություն կունենան ցուցադրել իրենց արտադրանքը ներկաներին։ Ես շատ հպարտ եմ, որ մեր երկրից 25 կազմակերպություն է ներկայացված այս ցուցահանդեսին։ Ես համոզված եմ, որ նման միջոցառումները լավ են անդրադառնում տնտեսության վրա, և մեր երկիրը նույնպես բացառություն չի լինի»,- նշեց Դան Դեվալը։

Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն ասաց, որ նման մակարդակի ցուցահանդեսներին բոլորը ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ։

«Այսօրվա ցուցահանդեսին ՌԴ-ից մասնակցում է 4 պատվիրակություն՝ Լիպեցկից, Ռյազանից, Կրասնոդարից և Կուրգանից։ Հույս ունեմ, որ այս հարթակը նոր նախագծերի, պայմանագրերի հիմք կհանդիսանա։ Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճ է գրանցվել՝ 17․5 տոկոսով։ Կարծում եմ, որ ամսվա վերջին ավելի բարձր ցուցանիշներ կգրանցվեն»,- ասաց Դոնչենկոն։

Ցուցահանդեսին ներկայացված էր նաև Արցախի տաղավար։ Քրիստինե Սարգսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք Հադրութից են (Արցախյան 44-օրյա պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ), հոկտեմբեր ամսից տեղափոխվել են Երևան և ներկայացնում են Հադրութի քաղցրավենիքը։

Ցուցահանդեսին ներկայացված էին տարբեր ոլորտներ՝ ծանր, թեթև, լեռնամետալուրգիական ու քիմիական արդյունաբերություն, քարամշակում, մեքենաշինություն, էլեկտրոնիկա, ջեռուցման համակարգեր, վերանորոգում, սնունդ,    ուղևորափոխադրումներ, բեռնափոխադրումներ, տուրիզմ և այլն։

armenpress.am

Պիտակ