Սեպտեմբեր 17, 2021 19:25 Asia/Tehran
  • Ավարտվել է Ագարակի ՊՄԿ (պղնձամոլիբդենային կոմբինատ)    արդիականացման ծրագրի երկրորդ փուլը. արտադրանքի ինքնարժեքը կնվազի

"ԱՊՄԿ" ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովն ասել է, որ կոմբինատի արդիականացումը մարտահրավերներին ժամանակին և համարժեք արձագանքելու միջոց է։

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ավարտել է ձեռնարկության տեխնոլոգիական վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի իրականացումը:

Ինչպես հայտնում են «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունից, արդիականացման համապարփակ ծրագիրն ուղղված է արտադրության կապիտալ նորացմանը՝ հանքի վերասարքավորմանը և գործարանի տեխնիկական վերազինմանը: Ծրագրի նպատակն էր օպտիմալացնել արտադրությունը, բարձրացնել արտադրողականությունը և նվազեցնել արտադրանքի ընդհանուր արժեքը:

Վերազինման արդյունքում նորացվել է փորող ու բեռնող մեքենաների պարկը, գնվել են չորս KOMATSU էքսկավատորներ և երեք հորատման սարքեր: «ԱՊՄԿ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվել են բաց հանքի, հիմնական հանքարդյունաբերական և տրանսպորտային սարքավորումների տեխնիկական վերազինման աշխատանքներ: Հիմնական առաջնահերթությունը չինական սարքավորումների ներդրումն էր՝ LGMG (տեխնոլոգիական տրանսպորտ), SDLG (ամբարձիչներ), XCMG (գրեյդերներ) և SHANTUI (բուլդոզերներ):

2020 թվականին մշակվել էր նաև ձեռնարկության արտադրողականությունը տարեկան 3.5 միլիոն տոննայից մինչև 4.5 միլիոն տոննա հանքաքարի հասցնելու նախագիծը, որի շրջանակում արդիականացվել է կոմբինատի հարստացման ֆաբրիկան։ Իրականացվել է ջարդման-մանրացման բաժանմունքի լայնածավալ վերակառուցում, հին սարքավորումները փոխարինվել են METSO ջարդիչներով: Կառուցվել է մանրացման նոր մասնաշենք, տեղադրվել են «ՏՅԱԺՄԱՇ» ընկերության երկու նոր աղացներ:

Պոչամբարի հզորությունը մեծացվել է նաև Իրան-Հայաստան գազամուղի հատվածի տեղափոխման, մայրուղային խողովակաշարերի վերակառուցման և 2-րդ և 3-րդ բարձունքների պոմպակայանների վերակառուցման շնորհիվ: Իրականացվել է 3 -րդ բարձունքի նոր պոմպակայանի կառուցումը:

«Մշտական ճգնաժամերը, որոնց մենք բոլորս բախվել ենք 2008 թվականից մետաղի միջազգային շուկայում հանգեցրել են անբարենպաստ պայմանների։ Այս համատեքստում մենք մեր խնդիրը տեսանք մարտահրավերներին ժամանակին և համարժեք արձագանքելու մեջ՝ նպատակ ունենալով պահպանել արդյունավետ աշխատանքը և մրցունակությունը: Մենք հաջողությամբ ավարտեցինք ներդրումային նախագիծը և հաղթահարեցինք առաջադրված բոլոր խնդիրները»,- ասել է «ԱՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը:

Տեխնիկական նախագծի շրջանակում շահագործման է հանձնվել նաև նոր հետադարձ ջրամատակարարման համակարգը, որի շնորհիվ ջրի օգտագործումը նվազել է 30%-ով:

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի արդիականացման համապարփակ ծրագրի ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար:

Բացի ներդրումային պարտավորություններից, ընկերությունը կատարում է սոցիալ-տնտեսական պարտավորությունները: Մեղրի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման շրջանակում վերջին երեք տարում հատկացվել է 530 հազար ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը ներառված է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ակտիվների «Հայկական» պորտֆելում: Գործարանը գտնվում է Հայաստանի հարավում ՝ Իրանի հետ սահմանին, և Մեղրու տարածաշրջանի ամենամեծ արդյունաբերական օբյեկտն է: 2007 թվականից ի վեր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 90 մլն դոլար է ներդրել ԱՊՄԿ-ի զարգացման գործում: Այժմ Ագարակի գործարանում աշխատում է 1150 մարդ: 2008-2020 թվականներին «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ՀՀ պետական բյուջե վճարել է ավելի քան 135 մլն ԱՄՆ դոլարի չափով հարկեր` ներառյալ ԱԱՀ վճարները:

 

Պիտակ