Սեպտեմբեր 21, 2021 17:12 Asia/Tehran
  • 13 տարի անց ՄԻԵԴ-ը բավարարել է ընդդեմ Քոչարյանի գանգատը․Հայաստանը ՀԺ-ին 9000 եվրո կվճարի

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է 13 տարի առաջ ընդդեմ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացված գանգատը։ Դատարանն այսօր հրապարակել է կայացված վճիռը։

 

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Facebook-ի իր էջում հիշեցրել է, որ դեռ 2008 թվականին «Դարասկիզբ» ՍՊԸ («Հայկական ժամանակ» օրաթերթ) անունից ներկայացրել էր գանգատ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագրի:

ՄԻԵԴ-ն այս գործով գտել է, որ նախագահի հրամանագրով խախտվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածը (Արտահայտվելու ազատությունը), դիմողի նկատմամբ խախտվել է նաև 6-րդ հոդվածը (Արդար դատաքննության իրավունք), քանի որ ներպետական դատարանները եղել են անհասանելի:

Փաստաբանն ընդգծում է՝ իրավական առումով սա նշանակում է, որ մարտի 1-ի արտակարգ դրություն հայտարարելու հրամանագիրն այլևս օրինական չէ, և սա կարող է հանգեցնել Ռ.Քոչարյանի նոր քրեական հետապնդումների:

«Գանգատը ներկայացրել եմ ինքս, իմ նախաձեռնությամբ, նույնիսկ փոստային առաքումների համար վճարել եմ իմ գրպանից: «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն այդ գանգատի հետ ունեցել է խիստ ձևական կապ, նրանց ինտելեկտը մի առանձնապես չէր ներում հասկանալու, թե ինչ գանգատ է ներկայացվում: Այն ժամանակ գործել եմ վստահությամբ, որ գանգատի բավարարումը կօգնի իմ երկրին լավ պետություն կառուցելու գործում: Հիմա, ազգային աղետից հետո, որը կազմակերպեց և իրագործեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, ունեմ շատ խառը զգացմունքներ այս վճռի վերաբերյալ և խնդրում եմ ինձ չշնորհավորել»,- գրել է Աթանեսյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ որպես բարոյական վնասի հատուցում դիմումատուն, փաստորեն՝ «Հայկական ժամանակը», կստանա 9000 եվրո։

Նշենք, որ ՄԻԵԴ-ի որոշումը վերաբերում է պետական մարմինների այն գործողություններին, որոնցով խոչընդոտվել է «Հայկական ժամանակի» տպագրումը, նաև հաջորդած դատական գործընթացներին։ ՄԻԵԴ-ը գտել է, որ հրապարակման սահմանափակումը այլ նպատակ չի ունեցել, քան սահմանափակել կառավարության հասցեին քննադատությունը և, հետևաբար, դեմ էր ազատ արտահայտման իրավունքին, որը պաշտպանված է կոնվենցիայով:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ՀՀ-ում 20 օրով արտակարգ դրություն հայտարարվեց։ Հրամանագրով սահմանվում էր, որ զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության սահմաններում։