Սեպտեմբեր 21, 2021 19:10 Asia/Tehran
  • Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է, որ նոր գումարման ՌԴ Պետդուման առաջիկա տարիները կնշանավորի դինամիկ և արդյունավետ օրենսդրական աշխատանքով։ Նման ուղերձ է հղել Սարգսյանը` շնորհավորելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի առթիվ:

«Ընտրություններում հաջողությունը կրկին համոզիչ կերպով ցույց տվեց, որ ռուսաստանցիները լայնորեն աջակցում են Ձեր կողմից նախանշված և Ձեր ղեկավարությամբ իրականացվող՝ երկրի զարգացմանը, տնտեսության, գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի վերելքին, միջազգային ասպարեզում և համաշխարհային քաղաքականության մեջ Ռուսաստանի դիրքերի հետագա ամրապնդմանն ուղղված կուրսին»,–ասված է նախագահի ուղերձում։

Սարգսյանը նշում է, որ նոր գումարման Պետդուման առաջիկա տարիները կնշանավորի դինամիկ աշխատանքով` հանուն պետականաշինության ընթացքում կարևորագույն քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների հաջող լուծման, միջազգային խաղաղության, անվտանգության և համագործակցության ամրապնդման, ինտեգրացիոն գործընթացների ընդլայնման:

Նշենք, որ Պետդումայի ընտրություններն այս տարի անցկացվել են սեպտեմբերի 17-19-ը, միաժամանակ 9 սուբյեկտներում ընտրել են տարածաշրջանների ղեկավարներին, ևս 39-ում ՝ տարածաշրջանային խորհրդարանների պատգամավորների:

ՌԴ ԿԸՀ տվյալներով` ընտրատարածքային հանձնաժողովների արձանագրությունների 99,84 տոկոսի ամփոփումից հետո "Եդինայա Ռոսիա" կուսակցությունը ստացել է 49,83 տոկոս։ Երկրորդը Կոմունիստական կուսակցությունն է` 18,94, երրորդը՝ Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 7,52 տոկոս։ "Սպրավեդլիվայա Ռոսիան"՝ ճշմարտության համար" կուսակցությունը ստացել է 7,47, "Նոր մարդիկ" կուսակցությունը՝ 5,33 տոկոս։ Այս հինգ կուսակցություններն էլ կանցնեն նոր Դումա։

https://armeniasputnik.am/