Սեպտեմբեր 21, 2021 20:08 Asia/Tehran
  • Ես երթևեկում եմ այդ ճանապարհով. նորմալ է անցել, եթե գնացել-եկել եմ. Արտակ Դավթյանը՝ Գորիս-Կապանի մասին

Գորիս-Կապան ճանապարհահատվածի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, Գլխավոր շտաբը մեկնաբանություններ չունի։

Այս մասին սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Տվյալ հարցով մեկնաբանություններ շատ են արվել, քանի որ դա Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի հետ անմիջապես առնչություն չունի, չեմ մեկնաբանում։ Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որն ի գիտություն ընդունեք։ Գլխավոր շտաբը մեկնաբանություններ չունի։ Հարցը չի առնչվում Զինված ուժերին»,- նշեց նա։

Արտակ Դավթյանը նույն պատասխանը տվեց նաև հարցին, թե Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածը, որտեղ այժմ ադրբեջանցիներ են, հայկական է, թե՝ ոչ․ «Ազգային անվտանգության ծառայությունն ունի հայտարարություն այդ առումով, Գլխավոր շտաբը մեկնաբանություններ չունի»։

Լրագրողի դիտարկմանը, որ հարցը վերաբերում է անվտանգությանը, Դավթյանը պատասխանեց․ «Անվտանգությանն ի՞նչն է առնչվում։ Ճանապարհ սարքելը Զինված ուժերի՞ խնդիրն է կամ որտեղով պետք է անցնի ճանապարհը։ Այդպիսի խնդիր չկա։ Յուրաքանչյուրն իր տեղում իր աշխատանքը պետք է կատարի բարեխղճորեն։

Անվտանգության համար, եթե պետք է դասախոսություն կարդամ, ես ձեզ կհրավիրեմ դասախոսության։ Երկրի անվտանգությամբ զբաղված է յուրաքանչյուր գերատեսչություն իրեն տրված մասով։ Մենք անվտանգություն ենք ապահովում»,- ասաց Արտակ Դավթյանը։

Դիտարկմանը, որ այդ ճանապարհով երթևեկում են հասարակ քաղաքացիները և ոչ թե պաշտոնյանները, Դավթյանը նշեց․ «Ես երթևեկում եմ այդ ճանապարհով։ Նորմալ է անցել, եթե գնացել-եկել եմ»։

news.am

Պիտակ