Սեպտեմբեր 22, 2021 11:11 Asia/Tehran
  • Հայ-թուրքական մերձեցման հերթական փորձն ու Էրդողանի մեծ ախորժակը

​Եկեք անկեղծ լինենք։ Չկա մեր տարածաշրջանում մեկ այլ երկիր, որի հետ հարաբերությունները մեր երկրի անկախության հռչակումից ի վեր լինեին այնքան բազմազան, որքան Թուրքիայի հետ։ Որոշ աղբյուրների համաձայն` նույնիսկ Հայաստանի վրա լայնածավալ զինված հարձակում նախաձեռնելու տարբերակն է ժամանակին լրջորեն քննարկել Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը։

Ինչպե՞ս թե՝ կզարմանաք դուք, բա Ռուսաստա՞նը։ Ռուսաստանը այն ժամանակ լայնածավալ զինված հարձակում էր նախաձեռնել հենց Մոսկվայի կենտրոնում։ Այո՛, խոսքը 1993 թվականի աննախադեպ իրադարձությունների մասին է, երբ նախագահ Բորիս Ելցինի կողմնակիցները սկսեցին հրասայլերից գնդակոծել, այսպես կոչված, Սպիտակ տունը՝ կառավարության շենքը։

Եվ հույն հայտնի դիվանագետներից մեկի վկայությամբ` Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլերի որոշ խորհրդականներ հորդորում էին նրան, օգտվելով Ռուսաստանում տիրող քաոսից, հարձակվել Հայաստանի վրա, որովհետեւ հայկական ուժերն այն ժամանակ արդեն գրավել էին Քարվաճառի շրջանը և հաջողությամբ առաջ էին շարժվում։ Ի վերջո, թուրքերը գերադասեցին ձեռնպահ մնալ, որովհետև ամենեւին պարզ չէր, թե ինչով էր ավարտվելու այս ամենը։

​Մինչդեռ Հայաստանի ղեկավարներն ամեն կերպ փորձում էին համոզել Թուրքիային բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ եւ հենց այդպես մեծապես նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ ստանձնելով միջնորդի դեր։ Բայց սա էլ չստացվեց , ու թեև Անկարան ի սկզբանե ճանաչել էր անկախ Հայաստանը, մինչև հիմա էլ հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Երևանի հետ և վերացնել շրջափակումը։

Ճիշտ է, դա վաղուց արդեն խոչընդոտ չէ հայաստանցի առևտրականների համար, որոնք պարբերաբար Թուրքիա են գնում Երևանի կենտրոնից մեկնող ավտոբուսներով և իրենց բերած թուրքական ապրանքով լցնում հայաստանյան տոնավաճառները։ «Թուրքական ապրանք մի՛ գնեք» հորդորն էլ լայն արձագանք չի գտնում Հայաստանում։

​Եվ այնուամենայնիվ, Ռեջեփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե մոտ 30 տարի բացակայող դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև կարող են վերջապես հաստատվել, բավական հետաքրքիր է։ Ճիշտ է, ինչպես միշտ, Թուրքիայի առաջնորդն այս անգամ էլ անմիջապես խոսել է նախապայմանի մասին՝ շատ կոնկրետ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա դժվարությունները կարող են հաղթահարվել «Զանգեզուրի միջանցքի բացումով»։

​«Հազար անգամ ասել ենք, խոսքը ոչ թե միջանցքի, այլ տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների անխափան գործելու մասին է»,– կրկնում ու կրկնում են հայաստանցի ղեկավարները։ Նրանց կարելի է հասկանալ։ Եթե ասում ենք «միջանցք», ստացվում է, որ ինչ-որ ուժերի ճնշման տակ պարզապես ստիպված ենք մեր կամքին հակառակ ինչ-որ մեկի համար միակողմանի բացել ճանապարհ, որից նա մեծ հաճույքով կօգտվի և կշահի, այնինչ մենք կողմնակի դիտորդի կարգավիճակով անհույս կնստենք ու կհետևենք, թե ինչպես է այն պետությունը, որի հետ դեռ երեկ կռիվ էինք տալիս մարտի դաշտում, քաղում կոմունիկացիաների բացման պտուղները։ 

​Ասում եք՝ շահելու է Թուրքիան, որը Զանգեզուրի վրայով հնարավորություն է ստանալու հասնել մինչև Կասպից ծովի մյուս ափ՝ Կենտրոնական Ասիա ու իրականացնել իր վաղեմի երազանքը Մեծ Թուրան հիմնելու մասին։ Կներեք, իսկ կարո՞ղ եք հիմնավորել, թե ինչու հենց Զանգեզուրով։ Չէ՞ որ կան Վրաստանի և Ադրբեջանի տարածքով անցնող 1000 անգամ ավելի հարմարավետ ճանապարհներ, մեկը հենց Բաքու –Թբիլիսի- Էրզրումը, որոնք ձեզ թե՛ գնացքով, թե՛ ավտոմեքենայով շատ ավելի արագ և շատ ավելի լավ պայմաններում կհասցնեն Թուրքիայից Ադրբեջան, հետո էլ՝ Ղազախստան։ Բա արժի՞ հույսը դնել Սյունիքի վրա։

​Ախր նույնիսկ դպրոցականն է հասկանում, որ Սյունիքի ճանապարհի համար կռիվը միայն ու միայն բուն Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու հնարավորության շուրջ է։ Բայց եթե այդ ճանապարհի բացումը խաղաղություն կապահովի տարածաշրջանում և կնպաստի բոլոր հակամարտությունների կարգավորմանը, ես ամենևին դեմ չեմ։

armeniasputnik.am