Սեպտեմբեր 27, 2021 20:38 Asia/Tehran
  • Ի՞նչ դիրքերից է հանդես գալիս Հայաստանը. ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել

ԱԳՆ–ն ընդգում է, որ միայն խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունները կարող են նոր էջ բացել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և զարգացման համար։

ՀՀ արտգործնախարարությունը Ադրբեջանի  սկսած  44-օրյա պատերազմի տարելիցի առիթով հայտարարություն է տարածել` նշելով, որ Ադրբեջանը երբևէ շահագրգռված չի եղել խաղաղ միջոցներով հակամարտության կարգավորմամբ։

«44-օրյա պատերազմը նախապես ծրագրված ու նախապատրաստված ռազմական գործողություն էր, որի նպատակն էր ուժի կիրառման և հայ բնակչության բնաջնջման միջոցով միջազգային օրակարգից հանել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը»,– ասված է հայտարարության մեջ։

Ըստ ԱԳՆ–ի` այդ մասին են վկայում ինչպես պատերազմին նախորդած շրջանում Ադրբեջանի գործողությունները, այնպես էլ՝ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականությունը. ուժի կիրառման սպառնալիքները, միջազգային միջնորդների կողմից հակամարտության կարգավորման և հրադադարի ամրապնդման առաջարկների մերժումը, հրադադարի համակարգված ու պարբերական խախտումները, սպառազինության մեծաքանակ կուտակումները և շփման գծի երկայնքով պարբերաբար անցկացվող հարձակողական բնույթի զորավարժությունները, ինչպես նաև պատերազմից հետո հնչող հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղը դադարել է գոյություն ունենալ։ Արտաքին գերատեսչության մեկնաբանմամբ, այս բոլոր փաստերը գալիս են հաստատելու, որ Ադրբեջանը երբևէ շահագրգռված չի եղել խաղաղ միջոցներով հակամարտության կարգավորմամբ:

"Ադրբեջանը հետևողականորեն խոչընդոտում էր հումանիտար հրադադար հաստատելու միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ինչի հետևանքով նախարարական մակարդակով ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համաձայնեցված երեք հրադադարներն այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը, որին հետևեց ՌԴ խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ, դադարեցրեց Ադրբեջանի ագրեսիան և պայմաններ ստեղծեց Արցախում բնակչության համապարփակ անվտանգության երաշխավորման համար»,– նշում է ԱԳՆ–ն։

Գերատեսչությունը նաև արձանագրում է, որ սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմն ուղեկցվում էր Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով։ Իրագործված գործողությունները մանրակրկիտ կերպով փաստագրվել և ներկայացվել են միջազգային կազմակերպություններին ու միջազգային մասնագիտացված կառույցներին։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են միջազգային տարբեր հարթակներում։

Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի հայության առջև ծառացան բազմաթիվ հումանիտար խնդիրներ․ 90 000-ից ավել արցախահայեր ստիպված եղան լքել իրենց մշտական բնակության վայրերը, որոնց գերակշիռ մասը ներկայումս վերադարձել են Արցախ։ Ավելի քան 40 000 մարդ զրկվել է տնից և ունեցվածքից, ավերվել են կենսական նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ և հիվանդանոցներ։

ԱԳՆ–ն նաև հիշեցնում է, որ մեկ տարի անց Ադրբեջանը դեռևս շարունակում է պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց՝ խախտելով ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այնպես էլ՝ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները։

«Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն շարունակում են Արցախի ժողովրդի հանդեպ թշնամական քաղաքականությունը, այլև իրենց վերահսկողության ներքո հայտնված տարածքներում անվանափոխում են հայկական բնակավայրերը, ոչնչացնում ու պղծում են կրոնական սրբավայրերը և մշակութային ժառանգությունը: Այս գործողությունները և հայ բնակչության ամբողջական էթնիկ զտումը ևս մեկ անգամ բացահայտում են այն իրողությունը, որ Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության և կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության ներքո»,– հայտարարում է ԱԳՆ–ն` հավելելով, որ Ադրբեջանի կողմից նմանօրինակ շարունակական գործողությունները չեն կարող ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության կայուն հիմքեր։

Արտաքին քաղաքական գերատեսչության համոզմամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշումը՝ հաշվի առնելով ինքնորոշման իրավունքի իրացումը, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց բնակավայրեր՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:

ԱԳՆ–ն նաև շեշտում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու և մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք մեկնարկի դիրքերից։

armeniasputnik.am

Պիտակ