Հոկտեմբեր 19, 2021 19:06 Asia/Tehran
  • «Ռոսատոմը» Հայաստանին նախագծեր կառաջարկի վտանգավոր քիմիական նյութերը վնասազերծելու համար

Խոսքը Երևանի մերձակա Նուբարաշեն թաղամասում, ինչպես նաև Ալավերդի քաղաքի մերձակայքում և հանրապետության մի շարք այլ կետերում գտնվող քիմիական թափոնների գերեզմանոցների մասին է։

«Ռոսատոմ» պետական կորպորացիան պատրաստ է Հայաստանի իշխանություններին քիմիական թափոնների վնասազերծման ծրագրեր առաջարկել։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝ Երևանում ընթացող հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում։

Նա ընդգծեց, որ խոսքը ոչ թե միջուկային վառելիքի թափոնների վերամշակման կամ օգտահանության (դրա նախագծերն առանձին են քննարկվում), այլ հենց ոչ միջուկային թափոնների, մասնավորապես՝ Երևանի մերձակա Նուբարաշեն թաղամասում, ինչպես նաև Ալավերդի քաղաքի մերձակայքում և հանրապետության մի շարք այլ կետերում գտնվող քիմիական թափոնների գերեզմանոցների մասին է:

«Ինչպես գիտեք, «Ռոսատոմը» միայն միջուկային կորպորացիա չէ, այն աշխատում է տասնյակ այլ ուղղություններով, այդ թվում՝ իմ նշած ուղղություններով։ Այժմ մեր ռուս գործընկերները ցանկանում են մեզ տեխնիկական առաջարկներ ներկայացնել նախագծերի վերաբերյալ՝ ենթադրաբար մեկ ամսվա ընթացքում»,-ավելացրեց Տերտերյանը։

Նշենք, որ «Ռոսատոմը» Հայաստանի կառավարության հետ քննարկում է նաև քիչ արտանետումներով աղբայրիչ էլեկտրակայանների կառուցման նախագիծը: Ռուսական «Ռոստեխ» և «Ռոսատոմ» կորպորացիաները ճապոնա-շվեյցարական Hitachi Zosen Inova ընկերության տեխնոլոգիայով արդեն 4 այդպիսի ՋԷԿ են կառուցում Մերձմոսկվայում, ևս մեկը՝ Թաթարստանում: Կկայանների համար տուրբինները թողարկվում են Ռուսաստանում։ Այդ շինարարության փորձը հաշվի կառնեն Հայաստանի համար առաջարկներ պատրաստելիս։

armeniasputnik.am

Պիտակ