Հոկտեմբեր 22, 2021 12:43 Asia/Tehran
  • Հայաստանը դեռ դիրքորոշում չունի «3+3» ձևաչափի վերաբերյալ. ԱԽ քարտուղար

Հայաստանը դեռ դիրքորոշում չունի «3+3» ձևաչափի վերաբերյալ։

Այս մասին «Rusarm.info»-ի եթերում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային նոր ձեւաչափի ձեւավորման հարցին, որում ընթադրվում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, ինչպես նաեւ՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությունը. նման առաջարկ պատերազմից հետո հնչեցրել է Թուրքիան, պատերազմի ընթացքում տարածաշրջանային ձեւաչափ ձեւավորելու առաջարկ էր ներկայացրել Իրանը, իսկ վերջերս դրա վերաբերյալ դրական էր արտահայտվել ՌԴ արտգործնախարարը:

«Ձևաչափը դեռ հստակեցված չէ, երբ ավելի հստակ լինի, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք։ Բնականաբար, մենք քննարկում ենք այն, որոշ դիրքորոշումներ ներկայացրել ենք մեր գործընկերներին, և նրանք ըմբռնումով են մոտենում մեզ», - ասել է Գրիգորյանը։

Գրիգորյանն ասել է նաեւ, որ Հայաստանը կարեւորում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը, բայց նաեւ առանձնացնում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումները։

«Ընտրություններից հետո ստանալով մանդատ խաղաղության դարաշրջանը բացելու համար՝ մենք կարևորում ենք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելը։ Ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական։ Տնտեսական կարգավորումը մեզ համար լայն հնարավորություններ է բացում։ Միայն եթե նայեք Երևան-Կարս երկաթգծին, կտեսնեք, թե տնտեսական որքան հնարավորություններ են բացվում, Թուրքիան էլ է շահելու Երևան-Կարս երկաթուղուց, քանի որ դրա այլընտրանքը չունի», - նշել է ԱԽ է Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանն ասել է նաեւ, որ Հայաստանի տարածքով միջանցքի տրամադրման հարց չի քննարկվել եւ չի էլ քննարկվում, եւ որ դրա մասին պայմանավորվածություններ չկան:

news.am

Պիտակ