Հոկտեմբեր 23, 2021 17:58 Asia/Tehran
  • Պատերազմից հետո առաջին անգամ. ինչի՞ մասին են վկայում հայ–ռուսական խմբավորման զորախաղերը

Արցախյան պատերազմից հետո Հայաստանում ռուսական ռազմական ներկայության նշանակությունը նկատելիորեն աճել է։ Այս ֆոնին կարևոր է Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման դերը։

 Զորքերի միացյալ խմբավորման մարտավարական զորավարժություններին մասնակցած հայկական և ռուսական ստորաբաժանումները վարպետության և մարտական պատրաստվածության բարձր մակարդակ ցուցադրեցին։ Այս մասին ասաց խմբավորման հրամանատար գեներալ–լեյտենանտ Տիգրան Փարվանյանը` Sputnik Արմենիայի խնդրանքով ամփոփելով վարժանքների նախնական արդյունքները։

Երեկ ՀՀ Սյունիքի մարզի զորավարժարաններից մեկում կայացավ հայ–ռուսական զորքերի միացյալ խմբավորման զորավարժությունների ակտիվ փուլը։ Վերջերս ձևավորված ԶՈւ հատուկ բանակային կորպուսի և 102-րդ ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները մարտական գործողությունների մի քանի սցենարներ մշակեցին` նպատակ ունենալով ստուգել զորամիավորումների և նրանց հրամանատարների միջև փոխգործակցության ու միասնական ղեկավարման մակարդակը։

Մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններին ներգրավվել էին ինքնագնաց հրետանին, ականանետային մարտկոցները, տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները, ուղղաթիռային ավիացիան և դեսանտագրոհային խմբերը։ Զորավարժությունների կրակային փուլից առաջ զորքերը մի քանի օր նախապատրաստական վարժանքներ էին անցկացրել։

Զորավարժություններին ընդհանուր գնահատական կտրվի, երբ զորքերը վերադառնան մշտական տեղակայման վայրեր։

Զորավարժությունների ծրագրով նախատեսված էր մի քանի դրվագների խաղարկում։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց 102–րդ ռուսական ռազմակայանի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Գորինը, բոլոր դրվագները խաղարկվել են, նպատակները` իրականացվել, ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը բարձր է գնահատվել։

«Հատուկ ուշադրություն է դարձվել երկու պետությունների ԶՈւ ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման հարցերին, մարտական գործողությունների ընթացքում հրամանատարների միջև համակարգման մակարդակին։ Կարծում եմ, որ ստորաբաժանումները լիովին կատարել են իրենց առջև դրված խնդիրները», – ասաց Գորինը։

Անդրադառնալով երկու երկրների զինծառայողների միջև լեզվական և այլ խոչընդոտներին` գնդապետը նշեց, որ դրանք վերացվել են վարժանքների ընթացքում։

«Սկզբում մարտավարական գործողությունները խաղարկեցինք տեղանքի մանրակերտի վրա` սահմանների, ժամանակի, ազդանշանների առումով զորքերի փոխգործակցության կազմակերպման դեպքում։ Սկզբում` ազդանշանների և գործողությունների հասկացման, այնուհետև հրամանատարներին լսելու մեթոդով` որոշ առանձին տարրերի խաղարկմամբ։ Այդ ամենից հետո մենք անցանք գործնական գործողությունների», – ասաց 102-րդ ռազմակայանի հրամանատարի տեղակալը։

Ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովը, մեկնաբանելով զորավարժությունները, նախևառաջ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ռուսական ռազմական ներկայության կարևորությունը նկատելիորեն մեծացել է։ Եթե նախկինում ենթադրվում էր, որ այն ուղղված է հիմնականում թուրքական պոտենցիալ սպառնալիքի դեմ, ապա այսօր երևում է, որ Հայաստանի գրեթե ամբողջ պետական սահմանը այս կամ այն կերպ պաշտպանված է այդ թվում նաև ռուսական ստորաբաժանումներով։

«Այդ պատճառով սահմանների պաշտպանության մարտական նախապատրաստվածության առումով միացյալ խմբավորման զորավարժությունները շատ կարևոր են դառնում։ Վարժանքների անցկացումը Սյունիքում վկայում է պատերազմից հետո ձևավորված սահմանի այս կամ այն գծի քողարկման, պաշտպանության մշակման մասին», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետը։

Բայց այստեղ կարևոր է նաև մեկ այլ բան` որքան կանոնավոր կլինեն նման միջոցառումները։ Դա կախված է երկու գործոնից` կողմերի հնարավորություններից և քաղաքական բաղադրիչից։ «Երկու կողմն էլ գոնե որոշակի կամք պիտի դրսևորի»,–ասաց նա։ Կանոնավորության խնդիրը չափազանց արդիական է` հաշվի առնելով թեկուզ այն, թե ինչ հաճախականությամբ են նմանատիպ զորավարժություններ անցկացնում Թուրքիան և Ադրբեջանը։

Պիտակ