Նոյեմբեր 27, 2021 17:31 Asia/Tehran
  • Ավտովթարների հետևանքով տարեկան ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ երեխաներ են մահանում Հայաստանի ճանապարհներին

Հայաստանում մեկնարկեց «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագիրը:

Ծրագիրը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվում է ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և նպատակ ունի Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում խթանել փաստահենք փորձարկումների վրա հիմնված քաղաքականությունների մշակումը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին:

Հյուրերին ողջույնի խոսք հղեց նաև ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավար Ննեկա Հենրին։

Միջոցառման ընթացքում ԿԶՆ նորարարական կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը ներկայացրեց ծրագրի մանրամասները:

Ծրագրի վերջնանպատակն է աջակցել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության» իրականացմանը երկրում՝ տվյալների վերլուծության և վարքաբանական փորձարկումների արդյունքում ստացված փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակման միջոցով:

Ծրագիրն աջակցելու է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջամտությունների կոորդինացման, պլանավորման և գնահատման գործընթացներին` նպաստելով մինչև 2030թ. ՃՏ պատահարների զոհերի թվի 50 տոկոսով կրճատմանը:

Նախագիծը կիրականացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ և կնպաստի ճանապարհային երթևեկության անվտանգության և ավտովթարների հետ առնչվող տվյալների արդյունավետ հավաքագրմանը, համադրմանը և վերլուծությանը։ «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի իրականացման ընթացքում ԿԶՆ նորարարական կենտրոնի թիմը կաշխատի նաև Շվեդիայի ճանապարհների ազգային խորհրդատվական ընկերության` «SweRoad»-h հետ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար փաստահենք և վարքաբանական միջամտությունների իրականացման իրենց հսկայական փորձով կիսվելու համար։

Ծրագրի արդյունքում մշակված տվյալների վերլուծական գործիքը կօգնի բացահայտել «սև կետեր»-ը (black spots) և ավտովթարների հիմնարար պատճառները` կոնկրետ տարածքներում նպաստելով փաստահենք միջոցառումների իրականացմանը։ Այս տվյալներն իրենց հերթին թույլ կտան ավելի թիրախավորված վարքաբանական ու կրթական միջամտություններ իրականացնել:

Միջոցառման եզրափակիչ մասում ներկաները կլոր սեղանի շուրջ քննարկեցին Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավիճակը՝ ոլորտում խնդիրները բարձրաձայնելու և ջանքերը համատեղելու համար։ Տարեկան ավելի քան 300 մարդ է մահանում Հայաստանի ճանապարհներին ավտովթարների պատճառով. մեկ շնչի հաշվով սա շատ ավելի մեծ թիվ է հարևան երկրների վիճակագրական տվյալների համեմատ: Միաժամանակ, ի տարբերություն եվրոպական մի շարք երկրներում նկատվող միտումների՝ երկրում ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց պատճառով մահացությունների թիվը շարունակում է աճել։ Պատճառները շատ են` սկսած փողոցներում օրեցօր ավելացող մեքենաների ցածր որակից ու սպասարկումից մինչև ճանապարհային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրներն ու իրավական կարգավորումները, որոնք էլ ավելի են սրվում ճանապարհներին վարորդների ոչ անվտանգ վարքագծի պատճառով. ոչ սթափ վիճակում վարելով, արագությունը գերազանցելով, և ճանապարհային երթևեկության կանոններից տեղյակ չլինելով պայմանավորված:

news.am

Պիտակ